Ախալքալաքի փողոցներում ենթակառուցվածքային աշխատանքների սեզոնին հաճախակի են դառնում ջրի անջատումները ջրախողովակների վթարների պատճառով: Մեղավորը շինարարներն են, թե ջրամատակարարման համակարգն է հնացել, կրկին մնում անհայտ:

Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների և ճանապարհների մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, Շրջանային վարչությունը մի քանի ամիս առաջ, մինչ փողոցներում շինարարական աշխատանքները տեղեկացնում է Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնին: Տալիս է փողոցների ցանկը, որոնք պետք է վերականգնվեն, որպեսզի ջրամատակարարման կամ կոյուղու համակարգը փոխեն այդ փողոցներում:

Ըստ Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանի, եթե նրանք որոշում են, որ ջրամատակարարման կամ կոյուղու համակարգի վիճակը վատ է, ապա փոխում են մինչ փողոցի վերանորոգումը:

«Անցյալ տարի մենք փոխել ենք ջրամատակարարման և կոյուղու համակարգը 14 փողոցներում: Այժմ մենք փոխում ենք Աղմաշանեբելի փողոցի այն մասերը, որտեղ պետք է ասֆալտապատեն: Այս տարի ջրամատակարարման և կոյուղու խողովակները մասամբ փոխել ենք Տերյան փողոցում: Մենք նաև ստուգել ենք մնացած փողոցները, որոնք այս տարի կասֆալտապատվեն, այնտեղ խնդիր չկա», – ասաց Վարդ Մոսոյանը:

Վարդ Մոսոյանը ասում է, որ նրանք արդեն 4 տարի է փոխում են ստորգետնյա կոմունիկացիան, և որ ներկա պահին քաղաքի ջրամատակարարման և կոյուղու համակարգը գտնվում են նորմալ վիճակում:
«Համակարգը չի կարելի անվանել հին, քանի որ խողովակները մաշված չեն, մինչ տեղադրելը դրանք մազութապատվում են: Իսկ ջրերի հաճախակի անջատման պատճառը շինարարներն են, ովքեր, չիմանալով խողովակների գտնվելու վայրը, փորում են և կոտրում, բայց մենք միշտ ցույց ենք տալիս նրանց համակարգի գծերը գծագրերի վրա», – ասում է Վարդ Մոսոյանն:

Նրա խոսքով, շինարարները աշխատանքների ընթացքում այս տարի երեք փողոցներում՝ Նաբերեժնայա, Միկոյան և Թբիլիսիի վնասել են խողովակները, և չեն ընդունում իրենց մեղքը:

“Ջավախ Ավտո Գզա” շինարարական ընկերության տնօրենի տեղակալը Ջաբա Ձիրկվաձեն ասում է, որ շինարարները այդ փողոցներում աշխատանքի ընթացքում չեն վնասել ջրամատակարարման համակարգը:

«Մենք չենք կոտրել ոչինչ, եթե ինչ-որ բան մեր պատճառով կոտրվում է, թող գրեն դիմում, մենք կշտկենք», – ասում է Ջաբա Ձիրկվաձեն:

Շուշան Շիրինյան