Ախալքալաքի տոնավաճառի աշխատողները դիմում-նամակ են գրել երկրի բարձրագույն իշխանություններին տոնավաճառի տարածքի կարգավիճակի փոփոխության համար:
Տոնավաճառի վաճառողները տարիներ շարունակ իշխանություններից պահանջում են բարելավել տոնավաճառի պայմանները, սակայն տեղի իշխանությունը մերժում է, պատճառաբանելով, որ այն զբոսայգի է:
«Անընդհատ ժողովուրդը բողոքում է պայմաններից: Ծածկն է կաթում, ցեխի ու ջրի մեջ են առևտուր անում: Երկու տարի է տեղական գամգեոբային եմ դիմում, որ պայմաններ ստեղծեն: Բյուջեում փող ունենք, որ չի օգտագործվում, նորմալ պավիլիոն սրքենք, գոնե միջին մակարդակի: Մեզ միշտ պատասխանում են, որ չեն կարող, քանի-որ այդ տարածքը այգի է, և իրենք իրավունք չունեն ձևափոխելու», – ասաց տոնավաճառի վարձակալ Ադամ Այվազյանը:
Տոնավաճառի շուրջ 68 աշխատակից ստորագրությամբ և նամակով Վրաստանի նախագահից ու վարչապետից խնդրում են տարածքի կարգավիճակը փոխել և այն դարձնել առևտրային կետ, որպեսզի կարողանան բարեկարգել և նորմալ պայմաններում առևտուր իրականացնել: Ավելացնենք, որ գրեթե 30 տարի է Ախալքալաքի Վաչագան Վանցյանի անվան զբոսայգին օգտագործվում է, որպես տոնավաճառ: Մոտավորապես 100 մարդ այգու տարածքում վաճառք է իրականացնում:
«Հուշարձանին ձեռք չենք տա, խոստանում ենք արձանի շրջակայքը բարեկարգել, իսկ մնացած մասը դարձնել առևտրային կետ: Ամիսը 2510 լարի տեղական բյուջե գումար եմ մտցնում: Գոնե թույլատրեն տարածքը բետոնապատենք և մեկ ընդհանուր տանիքի տակ վերցնենք, մարդիկ աշխատեն մաքուր ու կոկիկ միջավայրում»,- ասաց Ադամ Այվազյանը:
Աղունիկ Այվազյան