Ախալքալաքի Աղմաշենեբելի №60, №61, №62 բարձրահարկ շենքերի բնակիչները բողոքում են իրենց վիճակից, շենքերում առկա խնդիրները չեն կարող լուծվել, քանի որ բնակարանները պատկանում են Վրաստանի պաշտպանության նախարարությանը:

Չսեփականաշնորհված բնակարաններ, չվերանորոգված տանիքներ, ճանապարհներ ու խաղահրապարակ, ահա առաջնային ու լուծման սպասող Աղմաշենեբելի №60, №61, №62 բարձրահարկ շենքերի խնդիրները։

«Առաջնային խնդիրը բնակարանիս չսեփականաշնորհված լինելն է, որը անլուծելի է թվում, մյուս խնդիրները գոնե գիտենք, որ ֆինանսների առկայության դեպքում հնարավոր է թեթևացնել։ Ես երրորդ հարկում եմ բնակվում, բայց տանիքից այնպես է կաթում, ասես անձրևի տակ եմ քնում։ Դե պատկերացրեք չորորդ հարկի բնակչի վիճակը, բաց երկնքի տակ են քնում։ Ճանապարհները երբևէ չեն ասֆալտապատվել, միայն անցած տարի ընտրություններից առաջ հարթեցրին, բայց բոլորս էլ գիտենք, որ հարթեցումը ժամանակավոր է»,- խնդիրների վերաբերյալ իր կարծիքը հայտնեց №60 շենքի բնակիչ Սաթենիկը։

Հայկանուշը համարում է, որ շենքը գոնե տեղական իշխանության հաշվեկշռին, որ լիներ, վիճակի բարելավումը ավելի հնարավոր կլիներ:
«Ես 25 տարի է ինչ ապրում եմ այս շենքում, բայց բնակարանը սեփականաշնորհված չէ։ Սեփականաշնորհումից բացի մեր շենքերը ամեն ինչից զուրկ են։ Ճանապարհները ջրափոսերով ու քարերով են ծածկված, խաղահրապարակ չկա և տեղական իշխանությունից էլ պահանջել չենք կարող, որովհետև իրենց բալանսի վրա չեն մեր շենքերը։ Ահավոր ու անելանելի վիճակում ենք բնակիչներս», – մեզ հետ զրույցում ասաց Աղմաշենեբելի №60 շենքի բնակչուհի Հայկանուշը։

Բնակիչները դիմում-հայտ են գրել Պաշտպանության նախարարություն իրենց շենքերը տեղական մունիցիպալիտետի հաշվեկշռին տեղափոխելու համար, նման դիմում է գրել նաև տեղական իշխանությունը, սակայն դրանք դեռևս անպատասխան են մնացել։

Աղմաշենեբելի №60, №61, №62 քառահարկ շենքերում բնակվում է մոտավորապես 100 ընտանիք, ովքեր զուրկ են տարրական կանոններին համապատասխան ճանապարհից և խաղահրապարակից։

«Այդ շենքերը մեր բալանսի վրա չեն և մենք որևէ գործունեություն իրականացնելու իրավունք չունենք այդ տարածքում մինչև համապատասխան թույլտվություն չունենանք»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը։

Որպեսզի բնակիչների հարցերին որոշ պատասխան ունենա jnews.ge-ն նամակով դիմեց Վրաստանի Պաշտպանության նախարարությանը և պատասխանի դեպքում կրկին կանրադառնա այս խնդրին։

pitnmasti2

Ջուլիետա Տոնականյան