Աշխարհահռչակ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի որակազրկումը Վրաստանում ընթացած միջազգային մրցաշարում մեծ աղմուկ բարձրացրեց հայկական լրատվամիջոցներում: Վրացական լրատվամիջոցները կենտրոնացան այն փաստին, որ վրացի ըմբշամարտիկը՝ Ռևազ Նադարեիշվիլին հաղթել է Օլիմպիական չեմպիոնին:
Հունիսի 10-ին Վրաստանում ընթացող վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի եւ Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարում Արթուր Ալեքսանյանը վրացի մարզիկ՝ Ռեվազ Նադարեիշվիլու հետ գոտեմարտի ընթացքում դուրս է եկել գորգից հասունացող կռիվը հանգստացնելու համար, որին մասնակից են եղել նրա հարազատներն ու ընկերները:
NEWS.am Sport-ի հետ զրույցում Երեւանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը ասել է՝
«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ազգությամբ թուրք օլիմպիական մրցավարն է այս սկանդալի գլխավոր հերոսը, ով ամեն անգամ փակում է մեր ըմբիշների ճանապարհը դեպի հաղթանակ: Ամեն ինչ նախապես ծրագրված էր եւ վրացի ըմբիշը դուրս էր եկել մրցագորգ միտումնավոր Արթուր Ալեքսանյանին նյարդայնացնելու: Իսկ գորգի անկյունում բախման կիզակետում մեզ հետ միասին նաեւ Արթուրի հայրն էր, ում վրա հարձակվել էին, իսկ Արթուրը թույլ չտալու համար այդ ամենը դուրս եկավ գորգից: Բողոքարկելու հնարավորություն մեզ չտվեցին», – ասում է Սամվել Գևորգյանը:
«Առաջին երկու միավորը վրացի ըմբիշին ուղղակի նվիրեցին, ոչ մի բան չարած եւ նույնիսկ պասիվ գոտեմարտ անցկացնելով՝ նրան երկու միավոր շռայլեցին: Իրենք ուզում էին այնպես անել, որ իրենց ըմբիշը հաղթի եւ հատուկ պատրաստված դուրս էին եկել, որ նյարդայնացնեին Արթուրին:
Որակազրկումն ազդում է միայն այս մրցաշարի վրա: Հաջորդ տարի Արթուրը կարող է մասնակցել այս մրցաշարին: Կարեւորն այն է, որ Արթուրը կռվի չի մասնակցել, ոչ մեկին չի հարվածել, չի հայհոյել, նա զուտ ցանկանում էր հանդարտեցնել, կանխել ծեծկռտուքը եւ թույլ չտալ, որ իր հորը եւ անձնական մարզիչին հարվածեն», – ասաց Սամվել Գեւորգյանը:
Փորձեցինք կատարվածի վերաբերյալ տեղեկություն իմանալ մրցույթի մասնակիցներից և արդյունքում հավելյալ տեղեկություն իմացանք միայն այն մասին, որ Արթուրի եղբայրը հարվածել է գորգից դուրս գտնվող մրցավարին ինչից էլ առաջացել է սկանդալը:
Վրաց մամուլում միջադեպի մասին ինֆորմացիան զուտ սահմանափակ է: Հիմնական շեշտադրությունը արված է 4:1 հաշվով հաղթանակին օգուտ վրաց մարզիկին և ամենուր շեշտված է, որ վրաց մարզիկը հաղթել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:
worldsport.ge- ին կատարվածի մասին գրում է՝ «Այս հանդիպման ընթացքում վրաց մարզիկը վերջին վաստակած 2 միավորը հակառակորդի ոչ սպորտային պահվածքի՝ գորգից դուրս գալու արդյունքում է ստացել: Տրիբունայում հասունացած վիճաբանույունը բավականին երկար է շարունակվել, որը հանգստացնելու համար միջամտել է Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի նախագահ Գեգա Գեգեշիձեն»:
Որպեսզի սկանդալի մասին ունենաինք վրացական կողմի տեսակետը փորձեցինք կապ հաստատել Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի հետ, ով 2 օր անընդմեջ չպատասխանեց մեր զանգերին:
Ջուլիետա Տոնականյան