Կենտրոնական հրապարակի Ազատության և Չարենցի խաչմերուկի անկյունում, վթարներից խուսափելու համար ճանապարհը ընդլայնվելու է մայթերի հաշվին:
Այսօր առավոտյան, սկսվեցին Ազատության փողոցի ընդլայնման աշխատանքները: Շինարարները փորեցին Մշակույթի տան կողքի մայթի սկզբնամասը: Կենտրոնական հրապարակի շրջադարձին մայթը կնեղացվի, և փողոցը կլայնացվի մի քանի մետրով: Հրապարակը ընդլայնվելու է նաև Մեսրոպ Մաշտոցի արձանի շուրջ գոյություն ունեցող մայթի հաշվին: Այս աշխատանքները պետք է իրականացվեին անցյալ տարի, բայց քանի որ տենդեր-մրցույթը հայտարարվել էր ուշ, շինարարները չհասցրեցին իրականացնել, և աշխատանքները տեղափոխեցին 2017 թ.:
Ըստ ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, կառուցման և ճարտարապետության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի, ընդլայնումը համաձայնեցված է պարեկային ոստիկանության հետ: Ընդլայնումը իրականացվում է, քանի որ այս տարածքում հաճախ էր լինում վթարային իրավիճակ:
Տվյալ աշխատանքներին զուգահեռ հողով և մանրախճով փակեցին հրապարակի փոսերը, որոնք դժվարացնում էին երթևեկությունը: Ըստ Ալբերտ Նահատակյանի, փոսերի այս ծածկումը իրականացվում է խնդրի ժամանակավոր լուծման համար, և մոտ ապագայում տեղի կունենա փոսային նորոգումներ: Տենդեր-մրցույթը այդ աշխատանքի համար արդեն հայտարարված է:
Շուշան Շիրինյան