Մայիսի 19-ից մինչև 27 Ջավախքի դպրոցներում հնչեց ու հնչելու է ավարտական վերջին զանգը: Ախալքալաքի շրջանի 65 դպրոցների շուրջ 827 շրջանավարտներ հրաժեշտ են տալիս հարազատ կրթօջախին:
Մայիսի 19-ին Ախալքալաք քաղաքի երկու դպրոցներում՝ Հովհ. Թումանյանի անվան հայկական հանրային №1 և վրացական №3 դպրոցում հնչեց վերջին զանգը: Այս երկու դպրոցների շրջանավարտներին անձամբ շնորհավորելու էր եկել Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության փոխնախարար Պետրե Կանկավան: Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել նաև Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանն ու Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը:
Ծաղիկներ, հապշտապ քայլող մարդիկ, գեղեցիկ հագնված երիտասարդներ, երաժշտություն, հրաժեշտի խոսքեր, հուզմունքից ապրումներ… Հենց այս օրն է, որ երիտասարդները վերհիշում են դպրոցական անհոգ տարիները: Երկար ու ձիգ թվացող 12 տարիները տեսաֆիլմի նման անցնում են նրանց աչքերի առջև՝ դպրոցական առաջին օր, դասղեկ, դասարան, առաջին սեր, դպրոցական կատակներ ու վեճեր, ստուգողականներ, փախուստ դասերից, ինչու ոչ պատիժ և այլն:
Ջավախքում վերջին զանգն առանձնահատուկ են նշում: Ձևավորված կարծրատիպ է, որը կարծես անհնար է հաղթահարել: Շրջանավարտ ունեցող ընտանիքները վերջին զանգին նվիրված քեֆ են անում: Շատերը, այսպես ասած հետ չմնալու համար, բանկերից վարկեր են վերցնում (Այս խնդրին Jnews-ն առանձին կանդրադառնա):
Ընդհանուր խառնաշփոթի մեջ բոլորը ժպտում են: Շրջանավարտները մի շարքի կանգնած վերջին հրաժեշտն են տալիս այդքան հյուրընկալ հարազատ դպրոցին: Տնօրեն, դասղեկ, ծնող հրաժեշտի խոսքեր են ուղղում երիտասարդներին, որին հաջորդում է շրջանավարտների հումորային ու հետաքրքիր համարները:
Իսկ առջևում քննություններն են: Մայիսի 21-ից Վրաստանում շուրջ 1600 հանրային դպրոցների 12-րդ դասարանի 40 հազար շրջանավարտներ կմասնակցեն ավարտական քննություններին: Քննական առարկաներն են՝ վրացերեն լեզու, գրականություն, աշխարհագրություն, օտար լեզու, կենսաբանություն, պատմություն, ֆիզիկա, մաթեմատիկա և քիմիա:
Շնորհավոր սիրելի շրջանավարտ, թող քո կյանքի ամեն արշալույս ժպտացող արևի ջերմ ճառագայթներով լեցուն լինի…
Աղունիկ Այվազյան