Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի ցանքսը հասնում է ավարտին: Պահպանում են արդյո՞ք հողագործները ցանքաշրջանառությունը, ավելացնում են թե նվազեցնում են նրանք կարտոֆիլի դաշտերը:
Ցանքաշրջանառությունը – դա դաշտում աճեցվող մշակաբույսերի փոփոխումն է, որը օգնում է վերականգնել և բարելավել հողի բերրիությունը: Սակայն, Ախալքալաքի շրջանում, լավ իմանալով ցանքաշրջանառության իմաստը, հողագործների մեծամասնությունը, ինչ-ինչ պատճառներով, չի հետևում դրան:
Շրջանում կարտոֆիլի տնկումը արդեն իրականացվել է 50-60%-ով, կան գյուղեր, որոնք արդեն ավարտել են, սակայն կան տեղեր, որտեղ անձրևոտ եղանակի պատճառով չեն կարող ավարտել:
Սերոբյան Նատաշան Ազավրեթ գյուղից է: Նա անցյալ տարի տնկել էր 35 ար կարտոֆիլի դաշտ, նույն քանակությամբ էլ` այս:
«Ես ունեմ միայն 35 ար հող: Եթե այստեղ ցանեմ հացահատիկայիններ, ապա որտեղ եմ ես տնկելու կարտոֆիլը: Ես հնարավորություն չունեմ: Պարարտացնելու եմ: Ես հացահատիկայիններից չեմ կարող ստանալ բավարար չափով շահույթ, ես ուսանողներ ունեմ», – ասում է Նատաշա Սերոբյանը:
Հրանտ Կարախանյանը Դիլիսկա գյուղից կարծում է, որ ցանքաշրջանառությանը, որպես այդպիսին չեն հետևում: Նա հասկանալով ցանքաշրջանառության անհրաժեշտությունը, նույնպես այնքան էլ չի հետևում, քանի որ, այդ մշակաբույսերի ցանքսի ժամանակ խնդիր կառաջանա վաճառքի հետ կապված:
«Ցանքաշրջանառությունը այնքան էլ չի պահպանվում, քանի որ ցանում են միայն ցորեն, գարի և կարտոֆիլ: Անհրաժեշտ է ցանեն նաև այլ մշակաբույսեր, օրինակ կտավատ, կորնգան: Սակայն կա խնդիր այդ մշակաբույսերի վաճառքի հետ կապված: Եգիպտացորենը և գարին այնքան էլ օգուտ չեն տալիս հողի վերականգնմանը: Հիմա մի տարի տնկում եմ կարտոֆիլ, հաջորդը` հացահատիկայիններ», – ասում է Հրանտ Կարախանյանը:
Իլուշ Սահարյանը կարծում է, որ լավ բերքը կախված է ոչ միայն ցանքաշրջանառությունից, այլ սերմերից, ոռոգումից, և այլն:
Ըստ Արսեն Տիտոյանի, ցանքաշրջանառությունը չի օգնի, եթե դաշտերը բավարար քանակությամբ չեն ոռոգվում:
«Եթե չի ոռոգվում, որքան ուզում եք ցանեք, ինչ ուզում եք ցանեք, չի աճի», – ասում է Արսեն Տիտոյանը:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ղեկավար Ռամազ Գոգոլաձեն ասում է, որ շատ քիչ ֆերմերներ են հետևում ցանքաշրջանառությանը:
«Ինչպես կիրառեն, եթե մարդիկ ունեն փոքր հողատարածքներ: Մարդիկ քիչ հող ունեն: Ցանքաշրջանառությունը պետք է լինի յուրաքանչյուր 4-5 տարին մեկ, վերականգնելու համար հողը պետք է ցանել լոբազգի բույսեր, բայց այնքան քիչ մարդիկ են դա անում: Իհարկե, սա ազդում է եկամտաբերության վրա: Ցանքաշրջանառությունը նաև նվազեցնում է հիվանդությունները “, – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Անցյալ տարի, շրջանում տնկվել է 9780 հա կարտոֆիլ: Այս տարի, մինչև չավարտվի տնկումը Տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնը չի կարող խոսել կարտոֆիլով տնկված դաշտերի տարածքի մասին:
Ըստ Նատաշա Սերոբյանի Ազավրեթ գյուղում այս տարի կրճատել են կարտոֆիլի դաշտերը:
«Մեզ մոտ գրեթե ավարտել են կարտոֆիլի տնկումը: Ոչ մի օգուտ, մարդիկ գնում են թանկարժեք սերմերը, էժան վաճառում կարտոֆիլը», – ասում է Նատաշա Սերոբյանը:
Բայց, մյուս կողմից, շատերն ունեն սերմացու կարտոֆիլ, որը նրանք չեն կարողացել իրացնել: Եվ շատերը ստիպված են տնկել, եթե ունեն դաշտ:
Հրանտ Կարախանյանը պլանավորում էր այս տարի տնկել 5 հա կարտոֆիլ, բայց մինչ օրս նա ունի սերմացու կարտոֆիլ, որը չի իրացրել:
«Եթե չկարողանամ վաճառել, կտնկեմ 6 հա», – ասում է նա:
Շուշան Շիրինյան