«Խրախուսանք գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերին» պետական ​​ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնություն է հատկացվել ընդհանուր առմամբ 259,5 հազար փոքր ֆերմերի։ Այս մասին հայտնում է Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը՝ ամփոփելով ծրագրի նախնական արդյունքները: Տեղեկությունը փոխանցում է EastFruit ինտերնետ-պորտալը:

Նախարարության տվյալներով, պետական ​​սուբսիդիաների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 33,3 միլիոն լարի (9,7 միլիոն ԱՄՆ դոլար):

«Խրախուսանք գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերին» ծրագրի իրականացումը Վրաստանում սկսվել է 2020-ի գարնանը՝ «Հոգ տանել գյուղի, գյուղացու համար» Գյուղատնտեսության նախարարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում և այն կավարտվի 2021 թ. մայիսի 20-ին: Ծրագիրը նախատեսում էր 0.25 հեկտարից մինչև 10 հա տարածք ունեցող գյուղատնտեսական նշանակության հողերի (բացառությամբ արոտավայրերի) սեփականատեր ֆերմերների համար ուղղակի պետական ​​սուբսիդիաներ` տնկանյութի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության և խնամքի միջոցների գնման համար, ինչպես նաև (դա վերաբերում էր միայն 1.25 հա-ից 10 հա տարածք ունեցող հողերի սեփականատերերին) գյուղատնտեսական տեխնիկական աշխատանքների դիմաց վճարելու համար: Ֆինանսական օգնության չափը մեկ հեկտարի դիմաց (առավելագույնը 2000 լարի/583,1 դոլար) կազմում էր 200 լարի (58,3 դոլար): Ծրագրի պայմանների համաձայն՝ ֆերմերը պետք է ստանար հատուկ գյուղատնտեսական քարտ (անվճար) կոմերցիոն բանկից, և նրա համար նախատեսված գումարը ավտոմատ կերպով արտացոլվում էր քարտի վրա` միավորների տեսքով, 1 միավոր = 1 լարի (0,3 դոլար): Այս գյուղատնտեսական քարտով ֆերմերն այնուհետև կարող էր վճարել մասնագիտացված խանութներում ապրանքների և ծառայությունների համար: Գյուղատնտեսական քարտերի տրամադրումն ավարտվել է փետրվարի 20-ին, սակայն ֆերմերներն իրավունք ունեն դրանք օգտագործել մինչև մայիսի 20-ը: Նախարարությունը ֆերմերներին հորդորում է ժամանակին օգտագործել գյուղատնտեսական քարտերի միավորները՝ շեշտելով, որ դրանց գործողության ժամկետի ավարտից հետո քարտերի վրա կուտակված միավորները չեղյալ կհայտարարվեն: