Հայտնի է Հայաստանի հանրապետության նորընտիր, վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների անունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է կազմել և հրապարակել այն պատգամավորների անունները, ովքեր՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մանդատ կստանան:
2017-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:
2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո փոփոխություններ կատարվեցին մի շարք օրենքներում, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում: Այդ փոփոխությունների արդյունքում նորընտիր Ազգային ժողովն ունենալու է 105 պատգամավոր՝ ներկայիս 131-ի փոխարեն: 7-րդ գումարման Ազգային ժողովում լինելու են նաև ազգային փոքրամասնությունների թվով 4 ներկայացուցիչներ: Նոր կազմով խորհրդարանն իր առաջին նիստը կգումարի մայիսի 18-ին:
Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում կազմում է մեծամասնություն: Վերջինիս բաժին է հասել 58 մանդատ, որից 27-ը՝ տարածքային ցուցակներով, 28-ը՝ հանրապետական ցուցակի առաջին մասով: Հանրապետական խմբակցությունն ունենալու է նաև ազգային փոքրամասնության 3 ներկայացուցիչ՝ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, ասորի Արսեն Միխայլովը և քուրդ Կնյազ Հասանովը:
«Ծառուկյան» դաշինքը ստացել է 31 մանդատ, որից 15-ը՝ տարածքային ցուցակներով, 15-ը՝ հանրապետական ցուցակի առաջին մասով: Այս քաղաքական ուժը խորհրդարանում կունենա ազգային փոքրամասնության մեկ ներկայացուցիչ՝ ազգությամբ ռուս Տատյանա Միքայելյանը:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ելք»-ը ստացել է 9 մանդատ, որոնցից 4-ը՝ տարածքային ցուցակներով, այն էլ` միայն Երևան քաղաքում, իսկ 5-ը` հանրապետական ցուցակի առաջին մասով:
ՀՅԴ-ն այս նոր գումարման Ազգային ժողովում կունենա 7 պատգամավոր, որից 3-ը՝ տարածքային ցուցակներով ընտրված, 4-ը՝ համապետական ցուցակի առաջին մասից: