Տարեց տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են Ախալքալաքում հիվանդանում և մահանում քաղցկեղից: Քաղցկեղի ախտորոշման հոգեբանական դժվարությունների և առողջական խնդիրների հետ միասին սկսվում են նյութական խնդիրները:
Ամեն տարի աշխարհում ֆիքսվում է 14,1 միլիոն քաղցկեղի նոր դեպք և 8.2 միլիոն մարդ մահանում է աշխարհում քաղցկեղից, դա աշխարհում բոլոր մահացությունների 13%-ն է կամում: Քաղցկեղի 10 առավել տարածված տեսակներից է թոքերի քաղցկեղը, երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղը և հետո աղիքի քաղցկեղը, շագանակագեղձի քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղը, լյարդի քաղցկեղը, արգանդի վզիկի քաղցկեղը, կերակրափողի քաղցկեղը, միզապարկի քաղցկեղը, Հոջկինի լիմֆոման: Թոքերի քաղցկեղը տղամարդկանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է ամբողջ աշխարհում, իսկ կրծքագեղձի քաղցկեղը առավել տարածվածը՝ կանանց շրջանում:
Ըստ Վրաստանի Առողջապահության նախարարության 2016 թ.-ին, Վրաստանում հիվանդների 22%-ը տառապում է քաղցկեղով: Նրանցից, թոքերի քաղցկեղով տառապում են 28%-ը, հաստ աղիքի և ուղիղ աղիքի` 9%-ը, կրծքի քաղցկեղի` 8%-ը, շագանակագեղձի՝ 5%: 2015 թ.-ին քաղցկեղից մահացել է 8 180 կին և 9 520 տղամարդ: Ամեն տարի, մոտ 225 Վրաստանի քաղաքացի է մահանում մելանոմայից (մաշկի չարորակ ուռուցք), նրանցից` 150 տղամարդ և 75 կին:
«Հատուկ վիճակագրություն մենք չունենք, սակայն քաղցկեղով հիվանդների թիվը մեծ է: Պարզել, որ մարդը հիվանդ է ուռուցքով հնարավոր է գնալով ստուգման մասնագետի մոտ մի շարք բողոքներով, բայց վերջում ախտորոշիչ կենտրոնները և կլինիկաները կհաստատեն ուռուցքը: Մեր պայմանները թույլ չեն տալիս ախտորոշել ուռուցքը: Մեզ մոտ տարածված են կրծքի քաղցկեղը, արյան քաղցկեղը, տղամարդկանց մոտ հանդիպում է վահանաձև գեղձի քաղցկեղը: Իրականում, դեպքերն ու տեսակները, այնքան շատ են, որ անհնար է ասել, թե որ օրգանի քաղցկեղն է ավելի տարածված: Հիվանդների թիվը գնալով ավելանում է աստիճանաբար՝ երկրաչափական պրոգրեսիայով: Հիմնականում այս հիվանդությունը հանգեցնում է մահվան: Մեծ խնդիր է ժամանակին բացահայտել այս հիվանդությունը, ամեն ինչ կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ: Հիմնականում հիվանդանում են 40 տարեկանից մեծ մարդիկ, բայց, օրինակ, վերջերս մեզ դիմեց 14-ամյա մի դեռահաս, նա ուներ լեյկեմիա՝ արյան քաղցկեղ: Նա բուժվում է Հայաստանում», – ասաց ուռուցքաբան Ռիտա Բարեկյանը:
Ուռուցքը ուղեկցվում է հսկայական ֆինանսական ծախսերի հետ: Ախալքալաքում, օրինակ. նման դեպքերում բժշկական օգնություն ստանալ հնարավոր չէ, հիվանդները կարող են օգնություն ստանալ կամ Երևանում կամ Թբիլիսիում:
Ըստ բժիշկների, հաճախ մարդիկ հիվանդության դեմ պայքարելու փոխարեն, պարզապես հուսալքվում են, քանի որ ժամանակին բուժում ստանալը շատ թանկ է, և միշտ չէ, որ բուժում ստացածները գոյատևում են:
«Շատ գումար է ծախսվում: ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա)՝ 360 լարի, մագնիսական ռեզոնանսայինը (ՄՌՏ), այն ավելի լավ է, ավելի ապահով է առողջության համար, բայց դա արժե 400 լարի և ավելին: Աղեդիտումը՝ 180 լարի, 40 լարի` ռենտգենը, 30 լարի արյունը: Մի խոսքով միայն ախտորոշումը արժեցավ մոտ 850-900 լարի: Կրկնելու դեպքում էլ ախտորոշումը կարժենա նույնքան: Ես նույնպես նախկինում տեղյակ չէի, չգիտեի այդ մանրամասները: Քիմիոթերապիան՝ դա պարզապես դեղ է, քսելոդան, որն արժի 450 լարի, խմում ես այդ քսելոդան, գումարած ևս մեկ այլ դեղամիջոց, որպեսզի չլինի սրտխառնոց, այն արժի մոտ 180 լարի: Բայց գումարած ամեն ինչին մենք եղանք ուրոլոգի մոտ, տվեցինք մոտ 250 լարի, հետո ուղարկեցին պրոկտոլոգի մոտ… Հետազոտությունն արժի 7600 լարի, թեև առողջական ապահովագրությունը ներառում է 70%-ը: Սա նույնպես ամբողջությամբ խնդիր է, քանի անգամ եմ մեկնել, որ պայմանագիրը կազմեմ: Գումարած ամեն ինչին մենք բնակարան ենք վարձել, քանի որ այնտեղ մենք բնակվելու տեղ չունեինք, իսկ ինչ-որ տեղ մնալ էր պետք, չէ», – պատմում է քաղցկեղով հիվանդի բարեկամուհին:
Տեղի հիվանդանոցը չի կարող օգնել այն քաղցկեղային հիվանդություններով հիվանդին, բժիշկները միայն, ովքեր ունեն որոշակի կասկածներ քաղցկեղի մասին, հիվանդներին խորհուրդ են տալիս անցնել հետազոտություն մեծ հիվանդանոցներում, լավ ախտորոշմամբ:
«Քաղցկեղով հիվանդների համար, պետք է ունենալ լուրջ բազա, սկսած լաբորատորիայից, որոնք ունեն մեծ քաղաքները, և մենք չունենք: Մեզ մոտ գալիս են շատ մարդիկ, մոտավորապես մեկ ամսվա կտրվածքով շուրջ 10-12 մարդ: Հիմնականում տարածված է կրծքագեղձի քաղցկեղը», – ասում է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր, վիրաբույժ Ալեքսանդր Թորոյանը:
Քրիստինե Մարաբյան