Ախալքալաքում ճանապարհային երթեւեկությունը վտանգավոր է թե՛ վարորդների, թե՛ հետիոտների մեղքով։
Աղմաշենեբելիի փողոցը կենտրոնական փողոց է, որը տանում է դեպի քաղաքից դուրս՝ Նինոծմինդայի կողմը։ Այս հատվածում է գտնվում ավտոմեքենաներին սպասարկող սպասարկման կենտրոնների մեծ մասը։ Նույն փողոցում են տեղակայված՝ Թիվ 4 հանրային դպրոցը, դեղատունը, 4 խոշոր մթերային խանութները՝ առանց կայանատեղիի, 3 խոշոր տեխնիկայի խանութներ, մի քանի բենզալցակայաններ և այլն։ Հենց Աղմաշենեբելի փողոցում են գտնվում բազմահարկ շենքերը, որոնցում ապրում են մեծ թվով Ախալքալաքի բնակիչներ, ովքեր ոտքով տեղաշարժվում են այս փողոցով։
Ազատության փողոց
Երբ մի քանի տարի առաջ այս փողոցը վերանորոգվեց, բնակիչները հույս ունեին, որ գոնե այս անգամ այն կհարմարեցվի հետիոտնային տեղաշարժին։ Սակայն նրանց հույսերը չարդարացան։ Հաճախ մայթն անցնում է բենզալցակայաններով, ավտոտեխսպասարկման կետերով, որտեղ կայանված են բեռնատարներ և այլ մեքենաներ։
Այս փողոցի մայթը ինչպես օգտագործել են, այնպես էլ շարունակում են օգտագործել որպես ավտոկայանատեղի։ Հետիոտները հաճախ ստիպված են լինում դուրս գալ ճանապարհի երթևեկելի հատված, որպեսզի շրջանցեն շարասյունով կանգնած տրանսպորտային միջոցները: Չկան նաև հետիոտնային անցումներ, ինչի պատճառով հետիոտնը ստիպված է ցանկացած տեղում հատել ճանապարհը՝ դրանով իսկ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար։ Անցյալ տարի նման դեպքերից մեկը հանգեցրեց մահացու ելքի։ Ավտոմեքենայի բախման հետևանքով հետիոտնը տեղում մահացավ, և սա միակ դեպքը չէ այս ճանապարհահատվածում։
«Այսօր արդեն որերորդ անգամն է քիչ էր մնում մեքենայի տակ ընկնեի։ Վարորդը քիչ է կայանել էր մայթեզրին, այլեւ ճանապարհի երթևեկելի հատվածում հետընթացով դուրս գալիս չէր նայում, արդյոք մարդիկ կան, թե ոչ: Հրաշքով, վերջին պահին ես կարողացա ցատկել ճանապարհի վրա։ Բայց չէ որ այնտեղ էլ մեքենաները մեծ արագությամբ են երթևեկում։ Ես հասկանում եմ, որ կայանատեղեր չկան, բայց հետիոտնն ի՞նչ մեղք ունի»,- ասում է Աղմաշենեբելի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը։
Ընդհանուր առմամբ, մայթերն էլ նախատեսված չեն հետիոտնի համար, ինչպես օրինակ, Մյասնիկյան փողոցում, Նալբանդյան փողոցում, որտեղ գտնվում է շուկան: Մայթերի բացակայության պատճառով մարդիկ քայլում են սալարկուղիով։ Վարորդները ստիպված են լինում մեծ ջանքեր թափել, որ ոչ ոք չընկնի իրենց մեքենայի տակ:
«Հաճախ եմ տեսնում, որ վարորդները ճանապարհային նշանները չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել, օրինակ՝ եթե կա միակողմանի երթևեկության ճանապարհային նշանը, նրանք միեւնույն է արգելված ուղղությամբ են մտնում այնտեղ։ Բազմիցս տեսել եմ, թե ինչպես են լուսացույցի կարմիր լույսի տակ մեծ արագությամբ երթևեկում։ Դե իսկ հետիոտներն էլ ամեն տեղից անցնում են ճանապարհը։ Ճանապարհներ չունենք, իսկ բարդ քաղաքային քվեսթը կոչվում է «Հասի՛ր տուն ողջ և առողջ», ասում է Ախալքալաքի բնակիչներից մեկը։
Զարմանալի է, որ պարեկային ոստիկանությունը՝ անցնելով ու տեսնելով մայթին կանգնած մեքենաները, ոչ մի կերպ չի արձագանքում։
Ո՞վ է պատասխանատու դրա համար, ինչպե՞ս խուսափել ողբերգություններից ու ճանապարհատրանսպորտային պատահարներից, և ինչպես ապահովել ճանապարհների երթևեկության առավելագույն անվտանգությունը՝ այս բոլոր հարցերը դեռ մնում են հռետորական բնույթի։
Քրիստինե Մարաբյան