Ապրիլի 9-ին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում տեղի ունեցավ «Խնուս» մշակութային հիմնադրամի նկարահանած «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը:
«Տունդարձի Ճամփան»՝ 43 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացված է արմատներով խնուսցի Պարույր Գևորգյանի նախաձեռնութամբ իրականացված ուխտագնացությունը Արևմտյան Հայաստան: Ավելի կոնկրետ՝ Անի, Վան, Մուշ, Կարս, Բիթլիս քաղաքներ և Խնուս գավառի Բուռնազ գյուղ, որը ֆիլմի հերոսի պապական գյուղն է։
Ֆիլմի հեղինակ-ռեժիսորը ուխտագնացությունից առաջ ֆիլմ նկարահանելու նպատակ չի ունեցել, միայն անձնական արխիվի համար նկարահանումներ է իրականացրել, սակայն արդյունքում ստացված կադրերից և սյուժեից ելնելով, հանդիսատեսին է ներկայացրել փաստագրական ֆիլմ։
«Սա իմ նկարահանած երկրորդ ֆիլմն է՝ առաջինը երկու հազար տասը թվականին եմ նկարահանել, որը կոչվում է «Եդեմի պարտեզը», այն Խնուս գավառի պատմափաստագրական նկարագրությունն է։ Այս ֆիլմը ևս առնչվում է Խնուս գավառի հետ, սակայն ի տարբերություն առաջինին, սա ավելի հուզական է։ «Տունդարձի Ճամփան» ֆիլմը ներառում է արմատներով խնուսեցու նախաձեռնած ճամփորդությունը, որի մասնակից ուխտավորներս, անցնելով պատմական հայրենիքի մի քանի գավառներով, Խնուս գավառի Բուռնազ գյուղում գտանք այդ մարդու պապի տունը, և ֆիլմում այդ մարդու մենախոսություններն են իր պապական օջախում»,- մեզ հետ զրույցում ֆիլմի ստեղծման մասին պատմեց «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն, ֆիլմի ռեժիսոր Սամվել Մհերյանը։
Ֆիլմի ցուցադրության ավարտին ներկաները իրենց հետաքրքրող հարցերով կիսվեցին ռեժիսորի հետ՝ խոսելով նկարահանումներին խանգարող հանգամանքների գոյության մասին: Ռեժիսոր Սամվել Մհերյանը ասաց, որ միայն Բուռնազ գյուղից դուրս գալու ժամանակ զինվորականները նրանց շրջափակել են, քանի որ առանց թույլտվության նկարահանումներ են իրականացրել: Այդպիսով լրտեսների տպավորություն են առաջացրել։ Իսկ մյուս այլ հարցերին, թե ինչպես են կարողացել տեխնիկան անցկացնել սահամանով, նա պատասխանեց՝ «Մեր բախտը բերեց նրանով, որ այդ ընթացքում ահաբեկիչների ակտիվ գործունեության շրջանն էր, և միայն այն փաստը, որ մենք ահաբեկիչ չենք, նրանց բավարարեց և թողեցին անցնել սահմանը»։
«Տունդարձի ճամփան» ֆիլմի ցուցադրություն եղել է Փարիզի եկեղեցում, Թիֆլիսում, Ռուսաստանի դաշնության ութ քաղաքներում և արդեն նաև Ախալքալաքում։ Ֆիլմի ցուցադրությունը այսքանով չի սահմանափակվում և դեռ շատ տեղերում այն կներկայացվի հանդիսատեսի դատին։
Ռեժիսոր Սամվել Մհերյանը նույնպես սերունդն է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի, և բացի երկու ֆիլմերից նա նաև «Մենավոր բազեն» պատմավեպի, «Ճշմարիտ Լույսը» և «Այբ Քէ» հոգևոր բանաստեղծությունների ժողովածուի հեղինակն է։
Ջուլիետա Տոնականյան