Տաշվանկա (վրաց.՝ Ամիրանիս գորա) բլրի ստորոտին, գետի մոտակայքում, հանգստյան գոտու առաջին տաղավարի մոտ գտնվող տարածքը շարունակում է ճահճանալ։ Եթե նախկինում այս տարածքով հնարավոր էր քայլել մինչև Թափարվան գետի ափերը, ապա այժմ այս ամբողջ գոտին վերածվել է ճահճի։ Ախալքալաքի բնակիչները հայտնում են, որ այս տարի այդ տարածքում միջատների թիվը մեծապես ավելացել է, ինչը, նրանց կարծիքով, կարող է պայմանավորված լինել ճահճի գոյացմամբ։
Ախալքալաքի քաղաքապետարանի էկոլոգիական վարչության բնապահպանական ծառայության վարչության պետ Ռամազ Խուցիշվիլիի խոսքով, այս տարածքի ճահճացումը չի ազդում մոտակա տարածքների էկոլոգիայի վրա։
«Մենք տեղյակ ենք խնդրի մասին, այս տարի եղանակը անձրոտ է, գետը վարարել է: Գետերի մոտ միշտ էլ միջատներ լինում են, ճահիճը սրա հետ կապված չէ»,- մեկնաբանեց նա։
Նրա խոսքով՝ այս տարածքը գտնվում է Ազգային անտառային գործակալության Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի իրավասության տակ, և մունիցիպալիտետն իրավունք չունի այն ինքնուրույն տնօրինել։
«Մենք նրանց հետ կապվել ենք մոտ 3 տարի առաջ, հայտնել խնդրի մասին, այդ ժամանակ նրանք ոչինչ չեն արել, այժմ իրավիճակը կրիտիկական չէ, եթե վատթարանա, մենք անպայման կտեղեկացնենք նրանց»,- նշեց Ռամազ Խուցիշվիլին։
Նշենք, որ Ախալքալաքի բնակիչներից ահազանգեր են ստացվում, որ տաղավարներին հնարավոր չէ մոտենալ, քանի որ այս գոտում հսկայական քանակությամբ միջատներ են հայտնվել։
«Մենք մեքենայով բարձրացանք, կանգնեցինք տաղավարի մոտ, բոլոր կողմերից սկսեցին թռչել անհասկանալի միջատներ՝ մեծ, անսովոր այս տարածքի համար: Մենք հասկացանք, որ նույնիսկ 5 րոպե այստեղ չենք կարող նստել և հեռացանք՝ առանց մեքենայից իջնելու»,- պատմում է Ախալքալաքի բնակիչներից մեկը։
Ազգային անտառային գործակալության Սամցխե-Ջավախքի մասնաճյուղից տեղեկացանք, որ ճահճացման պատճառը կարող է լինել մոտակայքում հոսող գետը։ Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի մենեջեր Գենադի Բեդոիձեն խոստացավ, որ երկուշաբթի գալ և իր աչքերով կտեսնել տարածքը։ Գործակալության ներկայացուցիչների այցի արդյունքների մասին Jnews-ը կտեղեկացնի հետագա նյութերում։