Մարտի 27-ին Կախեթի տարածաշրջանի Գուրջաանի քաղաքում կայացել է ազատ ըմբշամարտի Վրաստանի պատանիների մրցույթ, որին Ախալքալաքից մասնակցում էր միայն Գոգորյան Հարազատը՝ Դիլիսկա գյուղից։
Մրցույթին մասնակցել են մոտավորապես 300 մարզիկ Վրաստանի տարբեր քաղաքներից և շրջաններից։ Մրցույթի արդյունքում Գոգորյան Հարազատը ոչ միայն գրավել է երրորդ պատվավոր տեղը, այլ նաև ընդգրկվել է Վրաստանի ըմբշամարտի հավաքականի կազմ։
«Հենց տեղում թղթաբանական հարցերը կարգավորեցին։ Հիմա մենք արդեն մեծ հպարտությամբ կարող ենք հաղթանակներ ակնկալել Հարազատից, ոչ միայն Վրաստանում անցկացվելիք մրցույթներից, այլ նաև Եվրոպայից», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի բաց ըմբշամարտի մարզիչ Նորայր Կրջացյանը։
Չնայած դեռ պարզ չէ, թե երբ և որտեղ է լինելու Հարազատի առաջին մարտը, որպես հավաքականի անդամ, սակայն նա պատրաստ է հավաքականի մարզումներին։
«Հիմա պատրաստվում եմ Եվրոպա գնալու։ Դեռ մարզումները չեն սկսվել, սպասում ենք իրենց զանգին, որ գնամ և նորից պատրաստվենք Եվրոպա գնալու և ինչու ոչ նաև հաղթելու», – մեզ հետ զրույցում ասաց ըմբշամարտի Վրաստանի հավաքականի նոր անդամ՝ Գոգորյան Հարազատը։
Ջուլիետա Տոնականյան