Հասարակություն 10 Սեպտեմբերի, 2018 • Միայնակ քննադատը քարոզում է հանդուրժողականություն

Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում 77 ամյա Պետրոս Ալբերտյանը միայնակ է ապրում։ Նա ցանկանում է իր բոլոր քննադատական հոդվածները տպագրել մեկ գրքում, սակայն հնարավորություն չունի:

Նա ծնվել է 1941 թվականին, 4 տարեկանում մահացել է մայրը։ Կյանքի ամենածանր հիշողությունները մանկության տարիներն են և խորթ մայրը։ Դպրոցական միջնակարգ կրթություն ստանալուց հետո փորձ է արել ուսումը շարունակել Երևանում՝ պատմության ինստիտուտում, սակայն կիսատ է թողել բարձրագույն կրթությունը։ «Ամուսնացած էի։ Ընտանիքս ծանր իրավիճակում էր հայտնվել, առողջական և ֆինանսական խնդիրներ կային՝ վերադարձա», — ասում է Պետրոս Ալբերտյանը։

turckh3

Տուրցխ գյուղի ծերունի բնակիչը 5 զավակներ ունի։ Տղաներն արտասահմանում են, աղջիկներն էլ շրջանի մյուս գյուղերում են ամուսնացել, կինը մահացել է։ Այսօր նա միայնակ է ապրում։ Պատմում է, որ կյանքում շատ դժվարություններ է ունեցել, սակայն աշխատանքով կարողացել է հաղթահարել։

turckh4

Պետրոս Ալբերտյանը ժամանակի մեծ մասը տրամադրում է քննադատական հոդվածներ գրելուն։ «Ես իմ սարին, յարին ու անտառին չեմ գովում, ինչպես պոետները, ես լուրջ քննադատությամբ եմ զբաղվում և համոզված եմ, որ բոլոր քաղաքական կոնֆլիկտները միայն հանդուրժողականությամբ, խաղաղությամբ և ներողամտությամբ պետք է լուծվեն»,- ասում է նա։

turckh1

Սենյակում, որտեղ ընդունեց մեզ, շատ գրքեր ու թղթապանակներ կային։ Թղթապանակների մեջ նրա գրաքննություններն են։ Ասում է, որ ժողովուրդների մեջ թշնամանք պիտի չլինի, օրինակ բերելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, կրկին շեշտում է, որ միայն ներողամտությամբ, փոխզիջմամաբ և խաղաղությամբ կարելի է բարեկամական հարաբերություններ ստեղծել։ Նրա նպատակն է, իր բոլոր հոդվածները տպագրել մեկ գրքում, սակայն հնարավորություն չունի։

turckh5

Շարունակելով խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասում է, որ ինքը եղել է Ստամբուլում և տեսել է, որ այնտեղի հայերը շատ լավ են ապրում։ Ստամբուլի համալսարաններից մեկը թուրքերեն լեզվով տպագրել է նրա գրաքննություններից։ Այդ փաստը նա համարում է կյանքի մեծագույն ձեռքբերումներից։

Պետրոս Ալբերտյանն ասում է, որ նյութեր ունի հավաքած նաև Վրաստանի արտագաղթի վերաբերյալ։

turckh2

Թղթապանակներում դարսված նրա գրաքննությունները ոչ հայտնի են, ոչ էլ ուսումնասիրված։

Սոնա Տոնականյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝