Հոկամ գյուղի հայկական դպրոցի շենքում չկա ոչ սանհանգույց, ոչ գրադարան, ոչ լաբորատորիա: Իսկ տանիքը անձրևոտ եղանակներին կաթում է:
Դպրոցը ունի ուսուցչանոց և 12 դասարան, որոնք սակայն շատ փոքր են և չեն համապատասխանում արդի պայմաններին: Ամենամեծ դասասենյակը 16 քառակուսի մետր է, իսկ ամենափոքրը՝ 3 քմ: Դպրոցական գույքը հին է: Հոկամի հայկական հանրակրթական դպրոց է հաճախում 43 աշակերտ:
«Ուսուցչանոցը նստելու տեղ չունենք, լաբորատորիայի, գրադարանի ու մնացածի մասին խոսք անգամ գնալ չի կարող: Առավոտյան, երբ բոլոր ուսուցիչները դասի են գալիս, ուսուցչանոցում նույնիսկ կանգնելու տեղ չի լինում, ստիպված կեսը միջանցք է դուրս գալիս»,- ասաց Հոկամ գյուղի հայկական դպրոցի տնօրեն Հովհաննես Մղդեսյանը:
Տնօրենը չի բողոքում նեղ ու փոքր դասասենյակներից, փոխարենը հպարտությամբ է նշում, որ այս դժվարին պայմաններում իր դպրոցի աշակերտները միշտ լավ արդյունքների են հասնում:
«Ամեն տարի 3-4 ուսանող ենք ունենում, անցած տարի 3 ուսանող ունեցանք: Դպրոցական օլիմպիադաներից իմ աշակերտները մշտապես հաջողությամբ են վերադառնում»,- տեղեկացրեց տնօրենը:
Տնօրենի խոսքով՝ մասնակի վերանորոգումներ այս տարիների ընթացքում արվել են, սակայն հիմնովի վերանորոգում կամ շենքի ընդլայնում չի կարելի անել: Բանն այն է, որ ի սկզբանե՝ որպես դպրոց ծառայող այս շինությունը նախատեսված չի եղել դպրոցի համար: 16 տարի է Հոկամի հայկական դպրոցի շենքը վարձակալությամբ է վերցրած: Դպրոցը ամեն ամիս սեփական նեղ բյուջեից է վարձակալության վճարը տալիս: Վրաստանի ԿԳ նախարարությունը չի կարող շենքում որևէ վերանորոգում կատարել, քանի որ այն իր բալանսի վրա չի գտնվում:
Երկհարկանի այս կառույցը դրսից բավականին խոստումնալից է, իսկ ներսում հակառակ պատկեր է՝ փոքր ու անմխիթար դասասենյակներ, նեղ միջանցքներ ու ծակ դռներ:
Նախկինում Հոկամ գյուղն ունեցել է մեկ դպրոց, որտեղ սովորել են վրացական 12-ամյա և հայկական 4-ամյա դպրոցների աշակերտները: 16 տարի առաջ հայկական դպրոցն առանձնացվել է և դարձել 12-ամյա: 2016-2017 ուս տարում դպրոցն ընդամենը մեկ առաջին դասարանցի է ընդունել:
Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից տեղեկացանք, որ Հոկամի դպրոցի ամբողջական վիճակի նկարագրությամբ դիմում-նամակն այս պահին գտնվում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ենթակառուցվածքների բաժնում: Արդյո՞ք Հոկամ գյուղի դպրոցը կներառվի 2017թ.-ին վերանորոգվող կամ նոր կառուցվող դպրոցների ցանկում, պարզ կլինի առաջիկայում: Այս պահի դրությամբ նախարարությունը ուսումնասիրում է դպրոցների վիճակը:
Աղունիկ Այվազյան