Խավեթ գյուղի երկար տարիների խնդիրը գրեթե լուծված է։ Հիմա էլ բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում, որ արգելապատնեշ չկա ճանապարհին։ Ասում են՝  եթե արգելապատնեշներ լինեն երեխաների համար ապահով կլինի և կխուսապեն ավտովթարներից։

«Ճանապարհը շատ լավ է, ինքներդ եք տեսնում։ Առաջ ձմռանը շատ հաճախ մեր գյուղի ճանապարհը փակվում էր։ Ինչ ճանապարհը կառուցել են, նման դեպքեր չեն եղել։ Այս ճանապարհը բավականին հեշտացրել է գյուղացիներիս կյանքը, որի շնորհիվ կարողանում ենք հեշտությամբ վաճառել մեր գյուղատնտեսական ապրանքները։ Պատկերացնում եք այս տարի մեր գյուղ առաջին անգամ բեռնատար մեքենա էր եկել կարտոֆիլ գնելու»,- ասաց Խավեթ գյուղի բնակիչ Կարապետ Կարապետյանը։

Խավեթում նշում են, որ ճանապարահի շրջադարձերը մի քիչ նեղ են արել, բայց չեն բողոքում՝ կատարվել է իրենց վաղեմի երազանքը։

«Եթե 10 տարի առաջ ունենայինք այս ճանապարհը արտագաղթը ավելի քիչ կլիներ մեր գյուղից»,- հավելեց Կարապետը։

Եթե նախկինում մինչև Սուլդա գյուղ հասնելու համար գյուղացիներին 30-40 րոպե ժամանակ էր հարկավոր, ապա հիմա ընդամենը 15-20 րոպե։

«Նախքան մեր գյուղի ճանապարհի կառուցումը տարին մի քանի անգամ մեքենա էի վերանորոգում, հիմա արդեն լավ է։ Բայց ճանապարհին արագությունը սահմանափակող արգելապատնեշների խնդիր կա։ Ուզում եմ, որ արագությունը սահմանափակող արգելապատնեշներ լինեն, որպեսզի խուսափենք ավտովթարներից»,- ասաց Խավեթ գյուղի բնակիչ Հարություն Խաչատրյանը։

Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի վերականգնման ծրագիրը շարունակվում է: Ճանապարհի վերականգնումը սկսվել է 2023 թվականին՝ Խավեթ գյուղից։ Այդ ժամանակ բետոնապատվել է ավելի քան 5,5 կմ ճանապարհ։ Այս տարի բետոնապատվելու է Էրինջա-Մյասնիկյան հատվածը։ Ճանապարհի բետոնապատումն ավարտին հասցնելու համար մունիցիպալիտետին մնում է վերականգնել մոտ 2 կմ 400 մ:

Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների պատասխանատու Արա Մովսիսյանի խոսքով, ձյան պատճառով անցած տարվանից կիսատ մնացել ճանապարհի կառուցումը։

«Այս տարի եղանակները տաքանալուն պես կվերսկսենք ճանապարհի կառուցումը։ Էրինջա-Մյասնիկյան ճանապարհահատվածի բետոնապատման համար 2024 թվականին հատկացվել է 148 751 լարի, իսկ 2025 թվականին՝ 1 678 889 լարիի»։

Իսկ ինչ վերաբերում անգելապատնեշ տեղադրելուն, ապա Արա Մովսիսյանին ասաց․  «Եթե տեղում կա մանկապարտեզ կամ դպրոց, ապա իրենց պարտավորության մեջ է մտնում արգելապատնեշ տեղադրելը, բայց եթե բնակիչները մեզ դիմեն, ապա պարտաստ ենք արգելապատնեշներ տեղադրել։ Դա մեծ խնդիր չէ»։

Ախալքալաքի քաղաքապետարանից վստահեցնում են՝ ամբուղջությամբ ճանապարհի կառուցումը  ավարտին կհասցնեն հունիսին։

Ընդգծենք, որ նորակառույց ճանապարհը կենսական նշանակություն ունի երեք՝ Խավեթ, Դավնիա և Էրինջա գյուղերի համար։