Թբիլիսիում շարունակվող բողոքի ցույցերը հասել են իրենց 60-րդ օրվան և այժմ դարձել են երկրի քաղաքական և հասարակական օրակարգի հիմնական թեման: Հազարավոր քաղաքացիներ ամեն օր դուրս են գալիս փողոց և իրենց բողոքը փորձում են լսելի դարձնել: Կան ձերբակալվածներ և տուժածներ: Երկու ամիս անդադար՝ ինչի՞ համար է պայքարը և տալիս է արդյո՞ք այն արդյունք:

Բողոքի ցույցեր են ընթանում Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում, Զուգդիդիում, Գորիում, Ախալցիխեում և այլ քաղաքներում:

Ցուցարարները հատկապես շեշտը դնում են ռեժիմի բանտարկյալների ազատ արձակման պահանջի վրա, որոնք, ըստ նրանց, կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով: Ցուցարարները համարում են, որ այս անձանց ձերբակալությունը նշան է այն բանի, որ քննադատական ​​միտքը համակարգված հետապնդվում է երկրում։

Այս թեմայի մասին JNEWS-ը զրուցել է Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) ավագ գիտաշխատող, Մեծ Բրիտանիայում Վրաստանի նախկին դեսպան Գիորգի Բադրիձեի հետ, ով նշեց, որ ցույցերի սկսվելու պատճառը երկուսն էր. առաջինը հասարակության մի զգալի մասի դժգոհությունն էր ընտրությունների կեղծումից, սակայն դրանք նոր թափ առան ոչ լեգիտիմ կառավարության ներկայացուցիչ՝վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ին արած հայտարարությունից հետո, ըստ որի Վրաստանի կառավարությունը հրաժարվում է բանակցություններ սկսել Եվրամիության հետ մինչև 2028 թվականի վերջը:

Չնայած, որ «Վրացական երազանք» կուսակցությունը բողոքի ալիքը ներկայացնում է որպես համակարգված հեղափոխական շարժում, Բադրիձեն պարզաբանում է, որ իրականում այս բողոքի ակցիաները չունեն մեկ կազմակերպիչ կամ նույնիսկ որևէ մարմին, որը համակարգում է դրանք: Ցուցարարները շարունակում են պահանջել նոր և արդար ընտրություններ, ինչպես նաև բանտարկյալների ազատ արձակում:

Այս իրավիճակը ուշադրություն է գրավել ոչ միայն Վրաստանում, այլեւ միջազգային մակարդակով։ Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է փորձագետը գնահատում միջազգային աջակցությունը կամ արձագանքը Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերին, նա պատասխանեց.

«Մեր միջազգային գործընկերները համերաշություն են հայտարարել վրաց ժողովրդին, իրականությունն այն է, բացառությամբ ավտորիտար երկրների ներկայացուցիչների, որ նրանց մատների վրա կարելի է հաշվել, շատ երկրներ չեն ճանաչում Իվանիշվիլիի կառավարության լեգիտիմությունը։ Հետաքրքիր փաստ է նաև այն, որ ով ճանաչում է այս կառավարությունը, նրանք Վրաստանի ամբողջականությունն անգամ չեն ընդունել, օրինակ Ռուսաստանը, Վենեսուելան կամ Նիկարագուան: Միջազգային հանրությունը չի ընդունում այս ռեժիմը և շատերի կողմից կիրառվում են նաև պատժամիջոցներ»:

Նրա գնահատմամբ, միջազգային արձագանքը շատ ավելի թույլ կլիներ եթե այսպիսի ակտիվ բողոքի ցույցեր չանցկացվեին երկրի ամբողջ մասշտաբով, բացի այդ, նրա կարծիքով, եթե ցույցերը այսպիսի զանգվածային տեմպով շարունակվեն, պատժամիջոցները ևս չեն ուշանա:

Հիշեցնենք, որ հարձակումներ են եղել նաև լրագրողներ, ինչպես նաև ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցություն ղեկավար Գիորգի Գախարիայի վրա: Ինչպես նաև նախնական կալանքի տակ է գտնվում հեղինակային լրատվամիջոցներ՝ «Բաթումելեբի» և «Նետգազեթի» հիմնադիր-խմբագիր Մզիա Ամաղլոբելին ոստիկանին ապտակելու մեղադրանքով: