Թբիլիսիում հայկական ինքնությունը պահպանելը դյուրին չէ։ Ժամանակակից աշխարհում, երբ ձուլման գործընթացներն ավելի արագ են, մշակութային կենտրոններն ու համույթները դառնում են ազգային հիշողության պահպանման կարևոր օղակներ։ «Անի» համույթի յուրաքանչյուր ելույթ վերածվում է փոքրիկ մշակութային պատմության, որտեղ կենդանանում են հայկական տարազը, ազգային երաժշտությունը և հայկական պարի դարավոր շարժումները։
«Անի» պարային համույթը տարիներ շարունակ դարձել է այն միջավայրը, որտեղ Թբիլիսիի հայ երեխաներն ու երիտասարդները սովորում են հայկական ազգային պարարվեստը՝ միաժամանակ ամրացնելով իրենց կապը հայկական ինքնության հետ։ Այս պահին «Անի» պարային համույթում պարում են 70 հայ երեխաներ։ Գեղարվեստական ղեկավար և պարուսույց Անգելինա Նազարյանի գործունեությունն առանձնացվում է որպես 20-ամյա նվիրական աշխատանք հայկական մշակույթի պահպանման գործում։
Համույթը հիմնադրվել է Անգելինա Նազարյանի կողմից 2005 թվականի նոյեմբերի 28-ին։ Այսօր «Անի» համույթի պատերի ներսում թիֆլիսահայ երեխաները շաբաթվա մեջ 3 օր սովորում են հայկական ժողովրդական պարեր։ Նշենք նաև, որ համույթը կոչվել է «Անի» պատմական Անի մայրաքաղաքի անունով։
Անգելինա Նազարյանի խոսքով, պարը հայ ժողովրդի համար երբեք պարզապես բեմական արվեստ չի եղել։ Այն պատմություն է, հիշողություն, արմատների հետ կապ և ազգային ինքնության լեզու։ Երբ երեխան կամ պատանին սովորում է հայկական պար, նա ոչ միայն շարժումներ է յուրացնում, այլ սկսում է ճանաչել իր մշակույթը, պատմությունն ու պատկանելիությունը։
«Գաղտնիք չէ, որ Թբիլիսիի հայկական դպրոցները մեծամասամբ փակվել են, իհարկե՝ մենք ունենք թիվ 104 հայկական ու թիվ 103 հայ-վրացական դպրոցները, սակայն հայ երեխաների մեծամասնությունը հաճախում են ռւսական ու վրացական դպրոցներ, այսպիսով՝ կորցնելով կապը հայի ու հայկականության հետ։ Երեխաները չեն տիրապետում իրենց լեզվին, չեն կարողանում գրել ու կարդալ հայերեն և ազգային ինքնության կոմպլեքս է առաջանում նրանց մոտ, նրանք ամաչում են, որ հայ են»,- ցավով է նշում Անգելինա Նազարյանը։
Այն հարցին, թե ինչպես է հաջողվում իրեն հայ երեխաներին համախմբել հայ մշակույթի շուրջ, երբ այնքան շատ են վրացական և ժամանակակից պարերը, Անգելինան ժպտալով պատասխանում է, որ դա իր սիրո, մոտեցման, հայկականը սիրելու ու տարածելու գաղափարի ներքին մղումն է, որ տարածվում է իր շրջապատի վրա։
«Ունեմ երեխաներ, ովքեր պարել այնքան էլ չեն սիրում ու այնքան էլ լավ չի ստացվում իրենց մոտ, բայց նրանք հաճախում են «Անի» պարային համույթ, քանի որ համույթի պատերի ներսում հայկականություն են զգում ու զգում են, թե ես ինչքան շատ եմ իրենց սիրում։ Մեր ժամանակներում երեխաներին ստիպելով ոչինչ անել չես կարող տալ, եթե իրենք չցանկանան։ Ինչպես նաև շատ կարևոր է մշակույթի ճիշտ մատուցումը, որն իրենից ենթադրում է՝ մոտեցնել արմատներին ժամանակակից հնչյունների ներքո, դրան զուգահեռ հնչեցնել երգեր, որոնք բարձրացնում են հայկական ոգին ու հայրենասիրությունը»։
Իսկ թե ինչքանիվ է տղաներին եւս հետքրքրում հայկական պարը, Անգելինան նշում է, որ դրա համար էլ են գտել այլընտրանքային տարբերակ։
«Արդեն մի քանի ամիս է ինչ համույթում գործում է նաև դհոլի խմբակ, որը շատ է հետաքրքրել մեր տղաներին ու դհոլի համար մեծ սիրով հաճախում են, սա էլ մի տարբերակ է հայկական մշակույթը փոխանցելու», — ասում է Անգելիան։
Վերջինս հատուկ շնորհակալություն է հայտնում այն երեխաների ծնողներին, որոնց մի մասը նույնպես եղել են համույթի պարողներից և ամեն ինչով աջակցում են իրեն։
«Ունեմ ծնողներ, ովքեր հայերեն չեն կարդում ու չեն հասկանում, խմբերի մեջ գրում եմ լատինատառ հայերեն, այդպիսով՝ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում նրանք թեկուզ որոշ բառեր կսովորեն։ Ծնողական ժողովները սկսում եմ հայերենով, իհարկե, հետո նույն բանն ասում եմ նաև ռուսերեն ու վրացերեն, բայց ինձ համար շատ կարևոր է, որ իմ համույթում հայերեն խոսենք, իսկ երեխաներին գրանցում եմ Հայարտուն կենտրոն, որտեղ հայերենի հրաշալի մասնագետներ ունենք», ընդգծում է Անգելինա Նազարյանը։
Միաժամանակ հավելելով, որ միջազգային և համայնքային միջոցառումների ժամանակ «Անի» համույթի մասնակցությունը ոչ միայն գեղարվեստական ներկայացում է, այլև մշակութային ներկայության հայտարարություն․ այն հիշեցնում է, որ Թբիլիսիի հայկական համայնքը շարունակում է ապրել, ստեղծել և փոխանցել իր արժեքները հաջորդ սերունդներին։
Այն հարցին, թե ինչ խնդիրների է հանդիպել իր գործնեության ընթացքում, Անգելինան չցանկացավ մանրամասնել, սակայն նշում է, որ խնդիրներ միշտ լինում են, բայց ինքն արդեն սովոր է և չի հուսահատվում, վստահ է իր գործի կարևորության հարցում և շարունակելու է աշխատել՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները։
«Այսօր, երբ ինքնության պահպանումը դարձել է ժամանակի կարևորագույն հարցերից մեկը, «Անի» պարային համույթի նման նախաձեռնությունները վերածվում են կամուրջի՝ անցյալի ու ապագայի միջև։ Քանի դեռ հնչում է հայկական երաժշտությունը և պարի միջոցով պատմվում է հայկական պատմությունը, հայկական ինքնությունը Թբիլիսիում շարունակում է ապրել», — եզրափակում է «Անի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Անգելինա Նազարյանը։











