
Քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասյանի նկատմամբ, վարչական իրավախախտման առթիվ, հարուցվել է երկու գործ։ Նրան մեղադրում են «ճանապարհի երթևեկելի մասը արհեստականորեն փակելու» համար: Դրա համար նրան սպառնում է 10 000 լարի տուգանք կամ մեկ ամիս վարչական կալանք։ Գիորգի Թումասյանը համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ և կարծում է, որ դա արվել է իրեն ահաբեկելու նպատակով, որպեսզի նա դադարի մասնակցել Թբիլիսիում այս պահին տեղի ունեցող հանրահավաքներին և իրադարձություններին։
Ինչպես պատմեց Գիորգին, իրեն կոնկրետ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «քաղաքացի Գիորգի Թումասյանը Ռուսթավելիի պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց արհեստականորեն փակել է ճանապարհի երթևեկելի մասը, այն ժամանակ, երբ մարդկանց թիվը չի բավարարել ճանապարհը բնական եղանակով փակելու համար՝ դրանով իսկ խախտելով հանրահավաքների և մանիֆեստացիայի մասին օրենքի պահանջները»։
Գործն ուսումնասիրելուց հետո Գիորգի Թումասյանն ասում է, որ փաստաթղթերում իրական ապացույցներ չկան, որ ինքը փողոցը փակում է:
«Իմ ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարում և տեսանյութում երևում է, որ ես ճանապարհին եմ գտնվում և կողքիս շատ մարդ կա: Հանրահավաքն արդեն ընթացքի մեջ է, իսկ կողքիս բավականին շատ մարդ կա: Հարցն այն է, որ ես չեմ փակել ճանապարհը, և երկրորդ, այս ամենը երևում է տեսանյութում և լուսանկարում: Այս օրենքը վերջերս է փոխվել, փոխել է ոչ լեգիտիմ նոր խորհրդարանը, իրենց ընդունած օրենքն էլ է ոչ լեգիտիմ: 500 լարիից տուգանքը բարձրացրել են մինչև 5000 լարի, սակայն այս օրենքը դեռ ոչ մեկի նկատմամբ չի կիրառվել»,- ասում է Գիորգի Թումասյանը։
Նրա խոսքով, նման գործեր հարուցվել են ոչ միայն իր, այլեւ հանրահավաքներին մասնակցած բազում մարդկանց դեմ։ Թումասյանը կարծում է, որ հանրահավաքներին մասնակցելն ու ճանապարհներ փակելը երկու տարբեր բաներ են։
«Նրանց նպատակն է սահմանափակել իմ հանրահավաքներին մասնակցելու հնարավորությունը: Տուգանքը 500-ից դարձնելով 5000 լարի, նրանք կարծում են, որ մարդկանց համար դժվար կլինի տուգանքը վճարել, նրանք ճնշում են գործադրում մասնակիցների վրա, որպեսզի չմասնակցեն հանրահավաքներին: Ես համարում եմ, որ սա ճնշում է ինձ վրա, ահաբեկման փորձ է, բայց իմ մասնակցության նպատակը իմ հայրենիքի շահերը պաշտպանելն է: Նրանք իմ տուն են ուղարկել «տիտուշկաներին», ովքեր կոտրել են դուռը և այլն, բայց նրանք չեն եկել ու գործ չեն հարուցել, իսկ իմ դեմ երկու գործ են հարուցել»,- ասում է Գիորգի Թումասյանը։
Թումասյանի դեմ հարուցված գործով դատական նիստերը տեղի կունենան հունվարի 23-ին, ժամը 12:00-ին և մարտի 12-ին, ժամը 16:00-ին։ Նրա գործերը քննող դատավորներ՝ Լելա Միլդենբերգերը և Զվիադ Ցևկան, ըստ Թումասյանի, գտնվում են միջազգային պատժամիջոցների տակ։
Գիորգի Թումասյանը մտադիր է դատարանում պաշտպանել իր տեսակետը, թեեւ, ըստ նրա, ակնկալիքներ չունի, որ ինքը լսելի կլինի դատարանում։
«Ես ոչ մի ակնկալիք չունեմ ռուս օլիգարխ Իվանիշվիլիի ոչ լեգիտիմ պետության կլանից, քանի որ երկու դատավորներն էլ պատժամիջոցների տակ են»,- ասում է Գիորգի Թումասյանը։