Ախալքալաքի նախկին թիվ 1  զինվորական ավանի բնակիչները դժգոհում են իրենց տներում խմելու ջրի բացակայությունից կամ թույլ ճնշումից՝ չնայած պոմպերի առկայությանը։ Բնակիչների խոսքով,   շուրջ երկու տարի է այս վիճակն է։ Ջրի թույլ ճնշման պատճառով շարքից դուրս են եկել մարդկանց ջեռուցման համակարգերն ու լվացքի մեքենաները, իսկ բնակիչներն իրենք ստիպված են գիշերներն արթուն մնալ՝ ճնշումը մի փոքր բարձրանալու դեպքում ջուր պաշարելու կամ ներքևի հարկերի հարեւաններից օգնություն խնդրել։

Քաղաքի բնակիչները մի քանի անգամ բողոքել են Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոն, զանգահարել նաև թեժ գիծ, սակայն այս հարցում առաջընթաց չի եղել։

Ախալքալաքի միավորված ջրամատակարարման սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլին բնակիչներին ասել է, որ ոչինչ չի կարող անել. «Ում ուզում եք՝ դիմեք, ես ոչինչ չեմ կարող անել»։ Նա նաև նշել է, որ իր պարտականությունների մեջ մտնում է վթարների վերացումը, և բնակիչներին խորհուրդ է տվել պոմպեր տեղադրել իրենց տներում:

Սակայն բնակիչների խոսքով, բոլորի տներում էլ պոմպեր են տեղադրված:

Բնակչուհի Մելսիդա Ժամկոչյանն ապրում է չորրորդ հարկում և գիշերները խմելու ջուր հավաքելու նպատակով ստիպված արթուն է մնում։

«Մեր տներում, խոհանոցում միայն շշեր են, ամեն օր գիշերը ժամը 2-3-ին ստիպված եմ վեր կենալ, որ ջուր հավաքեմ, թե չէ առաջին հարկից պիտի կրեմ: Եվ դա մեկ կամ երկու օր չէ: Երկու-երեք շաբաթը մեկ ես ստիպված եմ ջուր լցնել Baxi համակարգ, հակառակ դեպքում համակարգը կարող է փչանալ: Շատ բնակիչների ջեռուցման համակարգերը փչացել են, նրանք չեն նկատել: Մենք նամակ ենք պատրաստում բոլոր ատյաններ և կուղարկենք։ Որքան կարելի է համբերել: Ձմեռ-ամառ այսպիսի վիճակ է։ Եթե նայենք, ապա տարվա մեջ ցերեկը մեր տան ծորակից մեկ ամիս է ջուր հոսում»,- դժգոհում է Մելսիդա Ժամկոչյանը։

Որոշ բնակիչների լվացքի մեքենաները չեն աշխատում։

«Ես լվացքս անում եմ առաջին հարկի հարեւանիս տանը, լվացքի մեքենաս չի աշխատում, հարեւանս դեռ քաղաքում չէ, բանալիներն ինձ մոտ են, ստիպված եմ ուրիշի լվացքի մեքենայից օգտվել, բայց ինչքան կարող է այսպես շարունակվել, հարկավոր է մի բան  անել»,- ասում է   բնակչուհին, ով չցանկացավ իր անունը տալ։

Բնակիչներից տիկին Շիրինյանն ասում է, որ թույլ ճնշման պատճառով ջուրը տաք է և անհնար է օգտագործել։

«Ես պոմպ ունեմ, ես երկրորդ հարկում եմ, հնարավոր չէ տաք ջուր օգտագործել, հնարավոր չէ ցնցուղ ընդունել, ջուրը շատ տաք է և բարակ շիթով է հոսում ծորակից, մենք խոհանոցում էլ նորմալ ջուրը չենք կարող օգտագործել, նախկինում նույնպես ջրի ճնշումը թույլ է եղել, բայց զգալիորեն վատացավ հարևան շենքի ջրագծի վրա կատարված աշխատանքներից հետո՝ երկու տարի առաջ: Ախալքալաքի սպասարկման կենտրոնում, ի պատասխան իմ բազմիցս բողոքների, ինձ խորհուրդ տվեցին երեք տարի սպասել, իբր հետո ամեն ինչ լավ կլինի, բայց հիմա մեզ ոչնչով չեն կարող օգնել, ուր էլ մենք դիմենք»,- ասում է Շիրինյանը։

Քաղաքի բնակիչները նամակ են պատրաստում Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին և Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլիին։

Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլին հրաժարվեց մեկնաբանել իրավիճակը՝ ասելով, որ մենք տեղեկություն ստանալու համար կապ հաստատենք իրենց կազմակերպության մամուլի ծառայության խոսնակի հետ։