Վրաստան այցելած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը հանդիպում է անցկացնում ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Պատվիրակության անդամներն արդեն հանդիպել են «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի ներկայացուցիչների հետ, այս պահին հանդիպում է ընթանում «Միացյալ ազգային շարժման» առաջնորդների հետ։
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Գիրչի Ջափարիձեն, հանդիպմանը քննարկվել են երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և ճգնաժամից դուրս գալու ուղիները։
«Քննարկումը վերաբերում էր խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկրում իրադարձությունների զարգացմանը, այդ թվում՝ այն միջոցներին, որոնց դե ֆակտո իշխանությունները դիմում են խաղաղ ցուցարարների դեմ։ Քննարկումը վերաբերում էր խոշտանգումների փաստերին, թե որքան անգործություն է ցուցաբերում ոստիկանությունը։ Բանն այն էր, որ այս ամբողջ ընթացքում ոչ մի ոստիկան կամ «տիտուշկա» չի պատժվել։ Պատվիրակության անդամներին տեղեկացրինք այն մասին, որ բողոքի ակցիան շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը չհասնի հաղթանակի։ Նրանց հետաքրքրում էր նաև, թե որն է, վերջնական հաշվով, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը։ Մենք պարզաբանեցինք, որ կա ընդամենը երկու կետ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը և նոր ընտրությունների անցկացումը»,- հայտարարել է Ջափարիձեն։