Վրաստանի օդանավակայանների միավորման տվյալների համաձայն՝ 2024 թվականին վրացական օդանավակայանները ռեկորդային թվով ուղևորափոխադրումներ և թռիչքներ են գրանցել, հաղորդում է Վրաստանի հանրային ալիքը։
Վրաստանի օդանավակայանների միավորման (UAG) գլխավոր տնօրեն Իրակլի Քարքաշաձեի խոսքով՝ 2024 թվականը պատմական տարի է դարձել վրացական օդանավակայանների համար։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում օդանավակայանները սպասարկել են 7 425 399 ուղևորի և 31 937 չվերթ։ Նախորդ տարվա համեմատությամբ ուղևորների թիվն աճել է 24%-ով, իսկ ավիաթռիչքների թիվը՝ 25%-ով։ (2023 թվականին՝ 5,986,754 ուղևոր և 25,607 չվերթ):
«2024 թվականը պատմական տարի է դարձել վրացական ավիացիայի և Վրաստանի օդանավակայանների միավորման համար։ Երեք միջազգային օդանավակայաններում մենք կարողացել ենք սպասարկել ավելի քան 7,4 միլիոն ուղևորի, ինչը 24 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Բացի այդ, 2024 թվականին մենք հաջողությամբ ավարտել ենք բանակցությունները տասը ավիաընկերությունների հետ՝ 13 նոր ուղղություններ գործարկելու համար։ Սա նշանակում է, որ 2025 թվականին մենք ակնկալում ենք էլ ավելի մեծ ուղևորահոսք և նոր ուղղություններ»,- ասել է Իրակլի Քարքաշաձեն։
Վրաստանի Օդանավակայանների միավորման տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կհամալրվի նոր տեսակի ինքնաթիռով։ Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանը ռեկորդային թիվ է գրանցել՝ 4,750,830 ուղևոր։ Ընդհանուր առմամբ իրականացվել է նաև 22 715 չվերթ։ Նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 29%-ով, իսկ ավիաթռիչքների թիվը՝ 30%-ով։ (2023 թվականին՝ 3,693,942 ուղևոր և 17,456 չվերթ):
«Ինչ վերաբերում է Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանին, 2024 թվականին այն սպասարկել է իր ողջ պատմության ընթացքում ամենամեծ թվով ուղևորներին՝ 1 722 809 ուղևոր և 5 078 չվերթ։ Նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 3%-ով, իսկ ավիաթռիչքների թիվը՝ 1%-ով։ (2023 թվականին՝ 1,671,306 ուղևոր և 5,041 չվերթ):
Պատմական առավելագույն է գրանցվել նաև Բաթումիի Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանում, որն անցած տարի սպասարկել է 951 760 ուղևորի և 4144 չվերթ։ Նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 53%-ով, իսկ ավիաթռիչքների թիվը՝ 33%-ով։ (2023 թվականին՝ 621506 ուղևոր և 3110 չվերթ):
2025 թվականի մարտից Մեծ Բրիտանիայի առաջատար ավիաընկերությունը՝ British Airways-ը, կսկսի գործել Վրաստանի ավիացիոն շուկայում։ Նաև մարտ ամսից բրիտանական easyJet ցածր բյուջետային ավիաընկերությունը կսկսի ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Լոնդոն, Ժնև և Միլան: Ապրիլի 9-ից Transavia France-ը կմտնի վրացական շուկա՝ իրականացնելով Փարիզ-Թբիլիսի-Փարիզ չվերթերը։ Ապրիլի 12-ից Edelweiss-ը շաբաթական երկու անգամ թռիչքներ կսկսի Ցյուրիխ-Թբիլիսի-Ցյուրիխ ուղղությամբ: Վրաստանի օդանավակայանների միավորումը շարունակում է բանակցություններն ավիաընկերությունների հետ՝ նոր օպերատորներ ներգրավելու և երկրի բոլոր երեք միջազգային օդանավակայաններում նոր երթուղիներ բացելու համար»,- ասված է Վրաստանի Օդանավակայանների միավորման հայտարարության մեջ։