Վրաստանի բռնցքամարտի հավաքականի առաջին մարզական հավաքը կմեկնարկի հունվարի 15-ին՝ Սամցխե-Ջավախքի շրջանի Բորժոմի քաղաքում։ Հավաքին հրավիրվել են նաեւ Ախալքալաքի մունիցիպալիտետից հինգ բռնցքամարտիկներ, ովքեր հանդես են գալիս Վրաստանի ազգային հավաքականի կազմում։

Չնայած երկրի կենտրոնից իր հարաբերական հեռավորությանը, Ջավախքն ակտիվորեն զարգանում է որոշ սպորտաձևերում և ուշադրություն է գրավում ինչպես Վրաստանի մակարդակով, այնպես էլ միջազգային ասպարեզում: Ուժային մարձազևերն առանձնահատուկ տեղ են գրավում Ջավախքի բնակիչների կյանքում, որտեղ ակտիվորեն զարգանում են այնպիսի դիսցիպլիններ, ինչպիսիք են՝ բռնցքամարտը, ըմբշամարտը, քիքբոքսինգը, բազկամարտը և ընդհանուր առմամբ շրջանի հարուստ մշակույթի հետ կապված ավանդական ուժային խաղերը: Տարեցտարի այս մարզաձևերը դառնում են ավելի ու ավելի տարածված երիտասարդների շրջանում, և տեղի մարզիկների հաջողություններն ազգային և միջազգային մակարդակներում հաստատում են շրջանում ֆիզիկական պատրաստվածության և սպորտային արվեստի բարձր մակարդակը:

Այսօր բռնցքամարտը մնում է ոչ միայն սիրված դիտարժան մարզաձև, այլ նաև պրոֆեսիոնալ գործունեություն շատ մարզիկների համար: Միջազգային խոշոր առաջնությունները, ինչպիսիք են WBC (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ), WBA (Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիա), IBF (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) շարունակում են գրավել միլիոնավոր հանդիսատեսների։ Վերջին մի քանի տարիներին ախալքալաքցի մարզիկները սկսել են իրենց ճանապարհը հարթել այս սպորտում և բավականին լուրջ հաջողությունների հասնել այս մարզաձևում։

«Մեծահասակների մեջ ունենք 5 մարզիկ, բոլորն էլ ազգային հավաքականի անդամներ են: Դրանք են՝ Գոռ Այվազյանը, նա արդեն մեծահասակների կազմում է, Արտյուշ Գոմցյանը, Արշակ Էլիզբարյանը, Սամվել Ղազարյանը և Արտյոմ Յորդանյանը: Նրանք զբաղեցրել են առաջին, երկրորդ և երրորդ տեղերը, բայց հավաքի ընթացքում տեղերը համարները կարող են փոխվել: 2025 թվականի մրցումների օրացույցը դեռ չի ուղարկվել, այս օրացույցն ուղարկվում է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կողմից»,- ասում է Ախալքալաքի մարզահամալիրի մարզիչ և տնօրեն Ատոմ Էլիզբարյանը։

Ընդհանուր առմամբ, շրջանն ունի մարզաձևերի աճի ներուժ, և բարելավված ենթակառուցվածքներն ու խոշոր մրցաշարերին մասնակցությունն օգնում են մեծացնել սպորտի նկատմամբ հետաքրքրությունը երիտասարդների ու շրջանի բնակիչների շրջանում: