Ջավախքում առկա խնդիրների շարքին դեռ պատկանում է պետական լեզվին չտիրապետելու խնդիրը։ Վրացերենը, հանդիսանալով պետական լեզու, դեռ «չբացահայտված» է Ախալքալաքի բնակչության մեծամասնության համար, հատկապես միջին և միջինից բարձր տարիքային խմբերի համար։ Վրացերենին չտիրապետելը խոչընդոտ է հանդիսանում անձի հասարակության մեջ ինտեգրման հարցում։
Տարիներ առաջ վրաց լեզվի ուսուցումը, մեծ ցանկության դեպքում էլ, կարելի է ասել, եղել է գրեթե անհնար։ Դպրոցներում վրաց լեզվի դասաժամերը եղել են շատ քիչ, դասագրքերը՝ ոչ այդքան որակյալ։ Դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտածները մեծամասամբ չեն տիրապետում վրաց լեզվին։ Այս թեմայով խոսել ենք 90-ական թվականներին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտած մեկի հետ, ով ցանկացավ անանուն մնալ։
«Քանի որ ամեն ինչը, սկսած թղթաբանությունից, գրվում էր հայերենով կամ ռուսերենով, այսինքն՝ ոչ վրացերենով, դրա համար էլ վրացերենին այդքան էլ ուշադրություն չէինք դարձնում։ Երբ փոքր էինք, սովորում էինք, բայց երբ մեծացանք, այդ ժամանակ զգացինք, որ վրացերեն առարկան մեզ պետք չի գա, լուրջ չվերաբերվեցինք, որովհետև գիտեինք, որ կրթությունը շարունակելու համար գնալու ենք Հայաստան, և ոչ թե Վրաստան։ Նշեմ նաև, որ դասավանդման որակը ևս եղել է վատ, ուսուցիչներն իրենք մեր մեջ չեն մտցրել իրենց առարկայի կարևորությունը։ Վրացերենը դասավանդելու որակ չկար, ուսուցիչները նույնիսկ չունեին մանկավարժի կրթություն, միայն հերիք է եղել այն, որ իրենք ազգությամբ վրացի են եղել։ Առանց կրթության մարդիկ, ուղղակի լինելով վրացի, դասավանդում էին վրացերեն՝ առանց իմանալու մանկավարժության հիմնական հիմունքները, դրա համար էլ մեր սերունդը չի տիրապետում մեզ»։
Համեմատելով տարբեր ժամանակների կրթական համակարգերը, նկատենք, որ դասաժամերը շատացել են, սակայն վրացերենի իմացության միջին մակարդակն այդքան էլ չի փոխվել։ Ներկայումս, վրացերենի իմացության մակարդակը բավականին բարձր է երիտասարդների շրջանում, սակայն մեծահասակների և միջին տարիքի մարդկանց մոտ, իրավիճակն անփոփոխ է։
Լեզու սովորելու և արդյունքի հասնելու համար հարկավոր է մոտիվացիա։ Երեխաների մոտիվացիայի վրա մեծ ազդեցություն է թողնում շրջապատը (հայալեզու կամ վրացալեզու), շրջակա միջավայրը, ծնողների օգնությունը և այլն։
Ըստ գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից անցկացրած հետազոտության՝ վրացերենը, որպես երկրորդ լեզու սովորելու և արդյունքի հասնելու հարցում մեծ կարևորություն ունի ուսուցիչը և նրա կողմից օգտագործված ուսուցման մեթոդները։ Դպրոցում, վրացերենի ուսուցման հետ կապված դրական և բացասական կողմերի մասին զրուցել ենք վրացերենի ուսուցչուհու հետ, ով դասավանդում է Ախալքալաքի դպրոցներից մեկում։
«Ներկայիս դպրոցական գրքերը համեմատած ավելի լավ են կազմված, երեխաները տարրական դասարաններից սկսած սովորում են լեզուն և կարելի է ասել, այնպես են ավարտում դպրոցը, որ կարողանում են ազատ խոսել։ Երեխաների մոտ նկատում եմ ձգտում, նրանք հետաքրքրված են, որ վրացերեն սովորեն։ Շատերը, դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու համար դիմում են Վրաստանի տարբեր ԲՈՒՀ-եր։ Ինչ վերաբերվում է ծնողներին, նրանք էլ շատ մոտիվացված են և իրենց երեխաների համար ստեղծում են հարմար միջավայր, լավ սովորելու համար»։
Տարբեր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ լեզուն սովորելու վերջնարդյունքի վրա ազդում են հետևյալ գործոնները՝ լեզուն սովորելու կարևորության գիտակցումը, անվստահությունը սեփական ուժերի վերաբերյալ, շրջապատի կարծիքը և հետաքրքրությունը դեպի նոր մշակույթների բացահայտումը։
Պետական գնահատականում վրացերեն լեզվի իմացությունը գնահատվել է լեզվական իմացության չորս ոլորտներ ընդգրկող առաջադրանքների միջոցով, դրանք են՝ ընթերցանությունը (քերականություն, բառապաշար և ընթերցանության ըմբռնում), գրելը, խոսելը և լսելը: Ըստ ստացած արդյունքների, սովորողները գրելու բաժնում ցուցաբերում են վատ արդյունք։ 78,3%-ը չի կարողանում դրսևորել գրելու հմտությունների նույնիսկ նվազագույն կոմպետենտությունը, այն ինչ մյուս բաժիններում նրանք ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս․ լսելու բաժնում՝ 47,9%-ն ունի անբավարար արդյունք, ընթերցանության անբավարար արդյունք է ունեցել աշակերտների 57,2%-ը, իսկ խոսելու բաժնում՝ 59,6%-ը։
Ներկայումս, վրացերենի իմացության մակարդակը բարձրացնելու համար, գործում են տարբեր հարթակներ և դպրոցներ, ինչպես վճարովի, այնպես էլ անվճար։ Այդպիսին է օրինակ՝ «Գրանդալա» սոցիալական ձեռնարկությունը, որն օգնում է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներին հեշտությամբ գտնել վրացերենի ուսուցիչ և սովորել վրացերենը առցանց, առանց տանից դուրս գալու։
Հարկ է նշել նաև Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը, որի ոսումնական կենտրոնները՝ դպրոցները, կան ինչպես Ախալքալաքում, այնպես էլ Նինոծմինդայում։ Այս դպրոցը ունի նաև մոբիլ խմբեր երկու մունիցիպալիտետի գյուղերում։ Դպրոցում լեզվի ուսուցման պետական ծրագիրն իրականացվում է լեզվի իմացության ընդհանուր եվրոպական չափանիշներով և ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։