Ախալքալաքի քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեով նախատեսված է «Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում սրճարան-բարի կառուցում»։ Ինչի՞ մասին է խոսքը և կոնկրետ ի՞նչ է նախատեսվում կառուցել Խաս Բախչա զբոսայգում։

Այս տարի, ինչպես և անցած, Ախալքալաքի քաղաքապետարանի բյուջեում «Ախալքալաքի կենտրոնական այգում սրճարան-բարի կառուցման» կետ է ներառվել, որի նպատակով, ինչպես այս, այնպես էլ անցյալ տարի հատկացվել է 250 000 լարի։

Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի տվյալներով՝ այս կետը ներառվել է 2024 թվականի բյուջեում, սակայն ընթացքում այն ​​հանվել է, և գումարը ուղղվել է այլ նպատակների իրականացման համար, այդպես էլ գործը տենդերի չի հասել։ Սակայն այս տարի նորից է այս կետը ներառվել 2025 թվականի բյուջեում։

Այդ տարածքում կկառուցվի ժամանակակից սրճարան, որը հետագայում շահագործման կհանձնվի վարձակալությամբ:

Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի տեղեկացմամբ՝ Խաս Բախչա զբոսայգու տարածքում գործող սրճարանի տեղում նախատեսվում է նոր սրճարան-բար կառուցել։

Հարցին, թե գոյություն ունի՞ վարձակալության պայմանագիր, մեզ պատասխանեցին, որ քաղաքապետարանն իրավունք ունի հեռակա կարգով չեղյալ համարել վարձակալության պայմանագիրը, քանի որ այս վայրը նախատեսվում է օգտագործել այլ նպատակներով։

Սակայն տարածքի վարձակալներից մեկի խոսքով՝ իրենց չեն ծանուցել, որ այդ տարածքը նախատեսվում է ապամոնտաժել և տեղում սրճարան-բար կառուցել։

«Ոչ, մեզ ոչ ոք այդ մասին չի տեղեկացրել: Ամեն տարի այս թեման քննարկվում է, հետո չի արվում։ Ես ունեմ պաշտոնական վարձակալության պայմանագիր մի քանի տարով: Նախկինում դա 9 տարի էր, իսկ հիմա, ճիշտն ասած, չեմ հիշում, թե ինչքան ժամանակ է նշված, բայց մինչև պայմանագրի ավարտը դեռ մի քանի տարի կա։ Եթե ​​օրենքով է, ապա մինչև վարձակալության ժամկետը չավարտվի, նրանք իրավունք չունեն, բայց ես չգիտեմ։ Այգում ոչ բոլորն են օրինական աշխատում, բայց ես վարձակալության գումար ու հարկ եմ վճարում»,- ասաց վարձակալներից մեկը։

Ընդգծենք, որ ամռանը Խաս Բախչա զբոսայգում անցկացված բնակչության հարցումների արդյունքների համաձայն, թե ի՞նչ կցանկանային տեսնել քաղաքում, շատ բնակիչներ, ովքեր զբոսնել են այգոոմ, ասել են, որ իրենց համար սրճարանների քանակը բավարար չէ՝ զբոսայգում կամ հարակից տարածքում երեկոյան ժամանակ անցկացնելու համար։