Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից 2024 թվականին տարբեր պետական գնումների համար հայտարարված մրցույթների սակարկությունների արդյունքում ընդհանուր առմամբ տնտեսվել է 2 352 444,8 լարի։ Խնայված գումարն օգտագործվում է մունիցիպալիտետի տարբեր ծախսերի համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչպես և ողջ Վրաստանում, պետական գնումներն իրականացվում են մրցույթների միջոցով, առցանց հարթակում։

Էլեկտրոնային գնումների սկզբունքն այն է, որ թափանցիկ մրցակցության միջոցով աշխատանքը կատարվի նվազագույն գնով: Մունիցիպալիտետը մրցույթ է հայտարարում տարբեր աշխատանքների, ծառայությունների, ապրանքների ձեռքբերման համար։ Այնուհետև անցկացվում է աճուրդ, որում մրցույթը շահում է նա, ով առաջարկում է աշխատանքն իրականացնել նվազագույն գումարով։ Եթե նախնական գումարը շատ է նվազեցվում, ընկերությունը ներկայացնում է փաստաթուղթ, որը հաստատում է, որ նա կարող է աշխատանքը կատարել իր կողմից առաջարկվող գումարով։ Եթե պայմանագիրը կազմելու պահին փաստաթղթերում անհամապատասխանություն է նկատվում, ապա ընկերությունը որակազրկվում է, այդ դեպքում հաղթող է ճանաչվում մրցույթի երկրորդ տեղում գտնվող մասնակիցը։

Գնորդի և մրցույթը շահած մասնակցի առաջարկած գումարի տարբերությունը հենց խնայողությունն է:

2024 թվականի սկզբից մինչև դեկտեմբերի 9-ը Ախալքալաքի մունիցիպալիտետը 83 մրցույթներից տնտեսել է 2 352 444,8 լարի։

Վերոնշյալ մրցույթներից ամենամեծ խնայողությունը եղել է Խանդո գյուղում այլընտրանքային ճանապարհի կառուցման մրցույթից, որը շահել է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն՝ 573235 լարի գումարով։ Քաղաքի և գյուղի փողոցների բարեկարգման մրցույթից տնտեսվել է 384 650 լարի: Նախնական գումարը կազմել է 1 827 650 լարի, մրցույթը «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը շահել է 1 443 000 լարիով։ Մերենիա գյուղի ճանապարհի ասֆալտապատման մրցույթից խնայվել է 322 562 լարի, այս մրցույթը ևս շահել է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։

Ինժեներական ծառայությունների մրցույթից տնտեսվել է 146 300 լարի, մրցույթը շահել է «Արիշի» ՍՊԸ-ն: Առաջարկվող աշխատանքների նախնական գումարը կազմել է 275000, ընկերությունն այն շահել է 128700 լարիի չափով։

Նախագծանախահաշվային աշխատանքների մրցույթից տնտեսվել է 65595 լարի։ Նախնական գումարը կազմել է 140 000 լարի, մրցույթը 74 405 լարիով շահել է Ռաֆայել Ռայիսյանը։

Նախագծային նախահաշիվների կազմման մեկ այլ մրցույթից մունիցիպալիտետը տնտեսել է 49500 լարի։ Աշխատանքը շահել է «ԱՐԿ Դիզայն Գրուպ» ՍՊԸ-ն 80500 լարիի չափով՝ 130000 լարի նախնական գումարի դեպքում։

Սամսար գյուղի խմելու ջրի համակարգի վերականգնման մրցույթից տնտեսվել է 44000 լարի։ Աշխատանքներն իրականացրել է անհատ ձեռնարկատեր Արթուր Պետրոսյանը։

Ինժեներական ծառայությունների ևս մեկ մրցույթից խնայողությունները կազմել են 54250 լարի։ Այս մրցույթը շահել է «ԱՐԿ Դիզայն Գրուպ» ՍՊԸ-ն։

Նախնական գումարը չի իջեցվել հինգ մրցույթներում՝ Խանդո գյուղում մարզադահլիճի կառուցման, Կոթելիա գյուղում հուշահամալիրի կառուցման, շներին բռնելու, «Քրիզոլիտի» ծառայությունների և քաղաքացիական բյուջետավորման։

Նվազագույն գումարը՝ 200 լարի, տնտեսվել է Աղմաշենեբելի փողոցում դրենաժային ջրանցքի կառուցման մրցույթից։ Քաղաքի և գյուղերի համար տեսախցիկներ գնելու մրցույթից խնայվել է 520 լարի: Կումուրդո, Օլավերդ, Մուրջախեթ, Բոզալի գյուղերի ծիսական տներում աշխատանքների մրցույթից տնտեսվել է 941 լարի։ Աշխատանքներն իրականացրել է անհատ ձեռներեց Դայանա Մանուկյանը։