Երիտասարդ ամուսնական զույգը՝ Արոյանները, Mercy Corps-ի փոքր բիզնեսի զարգացման ծրագրի աջակցությամբ, Նինոծմինդայում ստեղծել է «Ծաղրածու Ջոնը» ուրախ բիզնեսը:
2016 թվականին, երբ Մարտինն այցելեց Լեհաստան, նա այնտեղ աշխատում էր որպես անիմատոր՝ զվարճացնելով երեխաներին։ Եվ արդեն 2023 թվականին կնոջ հետ միասին որոշեց լրջորեն զբաղվել այս գործով։
«Clown John» («Ծաղրածու Ջոնը») այսպես է կոչվում Մարտին Արոյանի և նրա թիմի առաջարկած ժամանցային շոուն։ Մարտին Արոյանը 29-ամյա դերասան է, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի շրջանավարտ։ Կինը միշտ կողքին է և օգնում է ամեն ինչում, նա համ դիմահարդար է, համ շոուի հերոսներից մեկը…
Ընտանիքը սկսեց փոքր բիզնեսը, առանց սեփական սարքավորումների և նույնիսկ առանց իրենց միջոցառումների լուսանկարների, փոխարենը օգտագործելով համացանցից վերցված նկարները: Սակայն նրանց երազանքը շուտով ազդակ ստացավ Mercy Corps-ի դրամաշնորհային ծրագրի շնորհիվ։
Դիմելով փոքր բիզնեսի աջակցության ծրագրին, նրանք ոչ միայն շահեցին դրամաշնորհ, որը փակում էր անհրաժեշտ ծախսերի 80%-ը, այլև վերապատրաստում անցան մարքեթինգի, կառավարման և միջոցառումների պլանավորման ոլորտներում։ Այս աջակցությունը հնարավորություն տվեց ձեռք բերել անիմացիոն կոստյումներ, օճառե պղպջակների շոուների համար նախատեսված պարագաներ, խաղային գործիքներ և այլ անհրաժեշտ նյութեր:
«Այս դրամաշնորհներն օգնում են ինձ նման մարդկանց ոչ միայն սկսել իրենց սեփական բիզնեսը, այլև մնալ տեղում՝ չմեկնել արտագնա աշխատանքի», – պատմում է Մարտինը:
Դրամաշնորհը ստանալուց հետո առաջին քայլը բարեգործական միջոցառումն էր Սաթխա գյուղում: Մարտինն ու իր թիմն անվճար զվարճացրել են երեխաներին և կազմակերպել սպիտակ արջուկի շոու, որը դրսից բերվել էր Մարտինի հոր կողմից։ Ակցիան մեծ արձագանք առաջացրեց, և այդ ժամանակվանից բիզնեսը սկսեց զարգանալ:
«Ոմանք ծիծաղում են այն փաստի վրա, որ ես ծաղրածուի դեր եմ կատարում, բայց ես դրա մեջ ծիծաղելի բան չեմ տեսնում: Տխուր է այն, երբ մարդն աշխատանք չունի կամ վատ բաներով է զբաղվում, իսկ մենք ժպիտներ և ուրախություն ենք պարգևում, և դա շատ բան արժե», – ասում է Մարտինը:
Շոուի զգեստները հագնում ու դերերը կատարում են ոչ միայն Մարտինն ու նրա կինը, այլև նրանց ընկերները, որոնք վերածվում են տարբեր կերպարների՝ հեքիաթային կերպարներից ընդհուպ կենդանիներ։ Բացի ծաղրածու աշխատելուց, Մարտինը նաև հանդես է գալիս որպես հանդիսավար տարբեր միջոցառումների ժամանակ։
Ընտանեկան բիզնեսն իր թիմին ապահովում է կայուն եկամուտով և շրջապատող աշխարհը դարձնում ավելի պայծառ ու ուրախ:
Մարտին Արոյանը հպարտությամբ է կիսվում իր հաջողություններով և հույս ունի, որ իր օրինակը կոգեշնչի երիտասարդներին նոր նախաձեռնությունների: «Ծաղրածուն ավելին է, քան պարզապես կոստյում: Դա ժպիտ է, որը մենք պարգևում ենք երեխաներին և նրանց ընտանիքներին»:
Բորիս Ղարսլայն
Անահիտ Զալալյան