Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, փակ կլինի Հայաստանի հետ սահմանին գտնվող «Սամեբա» մաքսակետը՝ նոր շենք տեղափոխվելու պատճառով։ Բոլորին խնդրում ենք զերծ մնալ Նինոծմինդայով Հայաստան մեկնելուց։

Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը։ Մաքսային հսկողության ընթացակարգերի կասեցման պատճառը կառավարման նոր տեղեկատվական համակարգերի ներդրման հետ կապված տեխնիկական աշխատանքներն են։

«Վրաստանի և Հայաստանի մաքսային վարչությունների միջև պահպանվում է սերտ հաղորդակցություն, որպեսզի նշված մաքսակետի բացումից հետո բեռնահոսքի աճն անխոչընդոտ իրականացվի», – նշում են գերատեսչությունում։

Ավելի վաղ «Սամեբա» մաքսատան նոր մասնաշենք տեղափոխվելու պատճառով Հայաստանի կողմից «Բավրա»-ի մաքսակետում աշխատանքները դադարեցնելու մասին տեղեկությունը հայտնել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։