Ախալքալաքի մունիցիպալիտետում SJGC ընկերությունը 2024 թվականին ծրագրում է մի շարք նախագծեր իրականացնել՝ գյուղերի գազիֆիկացումից մինչև գազի որակի բարձրացում։
Գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանն ասում է՝ ընկերության կողմից կատարվող գործողությունների, պատրաստի նախագծերի և ապագայի ծրագրերի մասին։
Նախ փորձեցինք պարզել, թե ի՞նչ փուլում է գտնվում Ախալքալաքի շրջանի Թախչա և Բուզավեթ գյուղերի գազիֆիկացման նախագծերը։
«Թախչայի գազիֆիկացման համար պետք է դիմում ներկայացնենք քաղաքապետարան թույլտվություն ստանալու համար, մայրուղային գազատարի աշխաանքներն արդեն կատարել ենք, թույլտվություն ստանալուց հետո անմիջապես կսկսենք տների գազիֆիկացման աշխատանքները։ Ինչ վերաբերվում է Բուզավեթի գազիֆիկացմանը, ապա այն դեռ նախնական փուլում է, նախահաշվարկ ենք անում, մոտ 30-35 տուն է, ի՞նչ կարժենա պետք է որոշենք, թե ի՞նչ սիստեմով պետք է անենք»,- ասաց Բերիկյանը։
Դեռևս Կարծախ, Սուլդա, Դադեշ և այդ գծի վրա գտնվող գյուղեր բնական գազ հասցնելու նախագիծ չկա, բայց կա մեկ այլ նախագծի իրագործման միտք, որով ավելի հեշտ կլինի այդ գյուղեր բնական գազ հասցնել։
«Ունենք Թոթխամ-Խուլգումո մեկ գիծ, որտեղից էլ ուզում ենք կոմերցիոն օբյեկտների ուղղությամբ բերենք գիծ, և միացնենք Դիլիսկայի գծին, որպեսզի Խուլգումոյի գազատարը թեթևացնենք։ Նախագիծը և թույլտվությունը կա, ուղղակի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կային, քանի որ մենք այս տարի երկու մեծ նախագիծ իրագործեցինք՝ Հեշտիա-Սաթխան և Թախչայի ծրագիրը, այդ պատճառով ֆինանասապես չկարողացանք և քաղաքապետարանին խնդրել ենք, որպեսզի նախագծի իրականացման ժամկետը երկարաձգենք։ Ունենք ընթացքի մեջ ծրագիր, որի նախագիծը նախահաշվարկային փուլում է, դա Խուլգումոյի գազատարի մոտից, առանձին գազատարով Դիլիսկայով դեպի Վաչիանի ճանապարհ, Զամդուրա չմտած, պետք է անցնի ձորը մինչև երկաթգծի կայարան։ Այդ նախագծով պլանավորում ենք 200 դիամետրով տանենք մինչև Վաչիանի ճամփաբաժին, որից հետո, եթե ծրագիր ունենանք դեպի Կարծախ, որ գազի խնդիր չունենանք, որպեսզի հիմա լուծենք այդ հարցը, իսկ մնացած մասը պետք է տանենք 150 դիամետրով, այսինքն՝ հետագայում եթե այդ Կարծախ-Սուլդա-Դադեշ կողմերի համար նախագիծ ունենանք, մենք արդեն պետք է այն տանենք Վաչիանի ճամփաբաժնից», – ավելացրեց Բերիկյանը։
Անցած տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի քանի գյուղերում գազը չէր բավականացնում, ինչպես նշեց գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրեն Բերիկյանը, այդ հարցն արդեն լուծված է։
«Փոկայում չէր հերքիում գազը, Փոքր Խանչալի, Դիլիֆ, Կաթնատու և Ղուլալիս գյուղերում։ Ղուլալիսում և Դիլիֆում ներսի գծերն արդեն ձևափոխել ենք, արդեն խնդիր չկա և գազը բավականացնում է։ Հեշտիա-Սաթխա գիծը պետք է շարունակենք նաև Սաթխա-նինոծմինդա, որպեսզի մենք Նինոծմինդայում չունենանք գազի խնդիր և հարցն ամբողջությամբ լուծած լինենք։ Ինչպես նաև Նինոծմինդայում գազի որակի բարձրացմանն է ուղղված վերոնշյալ երկաթգիծ հասցվող գիծը։ Եթե այդ երկու նախագիծն իրագործենք, ապա Նինոծմինդայում մենք ամբողջությամբ գազի խնդիրը լուծած կլինենք։ Սակայն մինչև այդ նախագծերը չիրագործենք այդ ամենի մասին խոսելը դեռ շուտ է»։
Գազաբաշխիչ SJGC ընկերությունը նաև նախագիծ ունի երկու Սամսարների համար, պարզապես ֆինանսական խնդիրներով պայմանավորված դեռ աշխատանքներ չեն տարվում այդ ուղղությամբ։
Բերիկյանը նշում է, որ շատ ծրագրեր ունեն, բոլորն էլ բավականին խոշոր են ու կարևոր, բայց այդ ամենը կապված է ֆինանսների հետ, որը այս պահին չունեն։
Գազաբաշխիչ ընկերությունը ներկա դրությամբ երկու մունիցիպալիտետներում ունի 18 243 բաժանորդ։ Եթե իրականացնեն վերոնշյալ միջոցառումները և կյանքի կոչեն բոլոր նախագծերը, ապա կկարողանան բաժանորդների քանակն ավելացնել։
«Պոտենցիալ կարող ենք ունենալ ևս մոտ 2000-ից 2500 բաժանորդ»,- գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը։