Հոկտեմբերի 16-ին, Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի հոգևորականների մասնակցությամբ խաղաղության աղոթք է կատարվել:
Վրաստանի Ավետարանական-բապտիստական եկեղեցին Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար այսօր աղոթք էր կազմակերպել, որին մասնակցում էին տարբեր կրոնական դավանանքների հայ և ադրբեջանցի հոգևորականներ:
Նրանք կարդացին հատվածներ Ավետարանից և Ղուրանից վրացերեն, հայերեն, եզդերեն և արաբերեն լեզուներով:
Ինչպես հայտնում են եկեղեցուց, Հայաստանի և Ադրբեջանի հոգևորականները շնորհակալություն են հայտնել Խաղաղության մայր տաճարին՝ նախաձեռնության համար, այնուհետև հույսի խոսքեր են փոխանակել խաղաղ ապագայի համար:
«Մենք՝ հոգևորականներս, հավաքված Խաղաղության մայր տաճարում, պայմանավորվեցինք, որ քանի դեռ չի ավարտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը, ամեն շաբաթ օր, ժամը 19:00-ին, մենք խաղաղ աղոթք կկարդանք Խաղաղության մայր տաճարում, որն իրենց հերթին կգլխավորեն ադրբեջանցիները, հայերը, վրացիները իրար հաջորդելով», – ասվում է աղոթքից հետո տարածված հայտարարության մեջ:
Նրանք կոչ արեցին բոլոր եկեղեցիներին, ժողովարաններին, մզկիթներին և տաճարներին աղոթել խաղաղության համար ամեն շաբաթ օր, ժամը 19:00-ին, մինչև Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտը: