Վրաստանի Սահմանադրական դատարանը չի ընդունել նախագահի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հայցերը հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 19-ին հայց էր ներկայացրել ՍԴ և պահանջել ընտրությունները ճանաչել հակասահմանադրական՝ ընտրությունների գաղտնիության, համընդհանրության և ազատ ընտրությունների անցկացման իրավունքները խախտելու պատճառով։

Նույնաբովանդակ հայց էին ներկայացրել նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: ՍԴ-ն երկու հայցն էլ համատեղ է քննել։

Հայցվորները պահանջում էին չեղյալ համարել ընտրական արձանագրությունները, այդ թվում՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի բավարարումը հավասարազոր կլիներ նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտության:

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը, նախագահն ու քաղհասարակությունը պնդում են` ընտրությունները կեղծվել են։