նորություններ 2 Դեկտեմբերի, 2024 • Ախալքալաքի բյուջեից ուսանողների համար կրթաթոշակ կհատկացվի, թե՞ ոչ

Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի նախագծում ներառված չեն գերազանց ուսանողների կրթաթոշակների ծախսերը, ինչի մասին ուսանողները հայցել էին տեղական իշխանություններից խնդրագրի միջոցով, որը հաստատվել էր սակրեբուլոյի կողմից և ուղարկվել քաղաքապետարան՝ մշակման և իրականացման համար: Սակրեբուլոյում հիշել են ուսանողներին տված խոստումի մասին:

Այն բանից հետո, երբ դեռ սեպտեմբերին Սակրեբուլոյում ուսանողների խնդրագիրը հաստատվել էր և քաղաքապետարանին գրություն էր ուղարկվել՝ կրթաթոշակների տրամադրման համակարգ մշակելու խնդրանքով, այս խնդրագրի և կրթաթոշակի մասին որևէ նորություն չկար։

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի խոսքով, գրության մեջ սակրեբուլոն խնդրել է մշակել համակարգ, որով ուսանողներին տեղական բյուջեից կրթաթոշակներ կհատկացվի։

«10-20 000 լարի գումար կհատկացնեինք, հետո կատեգորիաները կնայեինք: Եթե ոչ, ուրեմն հստակ կասենք, որ չենք տրամադրի: Հետո կմտածենք, թե ում և ինչ գումար կտանք։ Այն, որ պետությունը նրանց կրթաթոշակ է տալիս, դա մեր գործը չէ։ Ամենուր, մունիցիպալիտետներում հոդվածներ կան, և մենք կարող ենք կրթաթոշակ տալ մեր երիտասարդներին։ Միգուցե մյուս մունիցիպալիտետների բյուջեն մեծ է, և նրանք կարող են 1000-ական լարի հատկացնել, բայց մենք կարող ենք տալ 100 լարի, 10 լարի, սակայն մենք արդեն պետք է մի եղանակ մտածենք, և կամաց-կամաց սկսենք տրամադրել: Ես չեմ ասում, որ այնքան մեծ գումարներ հատկացնենք, որ դա խանգարի ճանապարհաշինության կամ աշխատավարձերի նման կարևոր խնդիրների լուծմանը։ Կարելի է սկսել փոքր, ֆիքսված գումարով: Մի բան կմտածենք, որ որոշենք, թե ինչ եղանակով դա անել, բայց պետք է հատկացնենք քաղաքապետարանից»,- բյուրոյի նիստի ժամանակ ասաց Նաիրի Իրիցյանը։

Նաիրի Իրիցյանը նաև հայտնեց, որ առաջիկայում հանձնաժողով կգումարվի՝ քննարկելու քաղաքապետարանի պատասխանն այս հարցի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ուսանողների նախաձեռնող խումբը խնդրագիր է նախաձեռնել՝ հայցելով սահմանել խրախուսական կրթաթոշակ գերազանցիկ ուսանողների համար: Ուսանողները հավաքել են մունիցիպալիտետի շուրջ 400 բնակիչների (ընտրողների թվի ավելի քան 1%-ը) ստորագրություն՝ ի աջակցություն խնդրդագրի և այն ներկայացրել 2024 թվականի սեպտեմբերի 18-ին։ Խնդրագրի հեղինակը Ջուլիետա Սողոյանն է։

Պատգամավորները բյուրոյի նիստում որոշել են հարցն ուղարկել քաղաքապետարան հետևյալ առաջարկությամբ՝ մշակել խնդրի լուծման կոնկրետ մեխանիզմ, իսկ հաջորդ քննարկմանը, որպեսզի պարտադիր ներկա լինի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Նշենք, որ կրթաթոշակներ տրվում են Սամցխե-Ջավախքի՝ Բորջոմիի, Ախալցիխեի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ուսանողներին։ Յուրաքանչյուր մունիցիպալիտետ որոշել է կրթաթոշակի չափը՝ ելնելով իր հնարավորություններից, ինչպես նաև սահմանել է դրա տրամադրման պայմանները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝