«Վրացական երազանք»-ը Վրաստանի նախագահի թեկնածու է առաջադրել Միխեիլ Կավելաշվիլիին։ Այս մասին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում։

«Business Press News»-ին հետաքրքրում էր, թե ի՞նչ գույքի է տիրապետում «Վրացական երազանք»-ի նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին։

Ինչպես նշվում է Միխեիլ Կավելաշվիլիի ունեցվածքի վերջին հայտարարագրում, որը խմբագրվել է 2024 թվականի ապրիլին, նա ունի միայն մայրաքաղաքում գտնվող ավտոտնակ, որի արժեքը կազմում է 22 հազար ԱՄՆ դոլար։

Ինչ վերաբերում է բանկային հաշիվներին, ապա հայտարարագիրը լրացնելու պահին Կավելաշվիլին «TBC» բանկում իր հաշվին ունեցել է 1121 լարի և 205 եվրո։

Բացի այդ, ըստ հայտարարագրի, նախորդ տարի նրա աշխատավարձը կազմել է 49 416 լարի։

Տեղեկացնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 14-ին, իսկ «Վրացական երազանք»-ի տվյալներով՝ երկրի նոր՝ վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։ Հիշեցնենք նաև, որ նախագահն այս տարի առաջին անգամ կընտրվի անուղղակի եղանակով 300 անդամից բաղկացած ընտրական կոլեգիայի կողմից։