Վրաստանի ուղղափառ եկեղեցին նոյեմբերի 23-ին նշում է Սուրբ Գիորգոբան: Առավոտից գործող բոլոր եկեղեցիներում ու վանքերում մատուցվում է տոնական պատարագ:

Վրաց Ուղղափառ եկեղեցին Գիորգոբան նշում է տարին երկու անգամ, մայիսի 6-ին Սուրբ Գիորգիի նահատակության և նոյեմբերի 23-ին նրա անիվի վրա կտտանքների ենթարկելու օրը:

Ըստ եկեղեցական փոխանցման, Սուրբ Գիորգին ծնվել է երրորդ դարի կեսին, Կապադովկիայում, հարուստ քրիստոնեական ընտանիքում: Հետագայում նա Հռոմեական կայսր Դիոկլետիանոսի օրոք դարձավ հրամանատար: Այն բանից հետո, ինչ քրիստոնյաների նկատմամբ սկսվեցին հետապնդումներ, Սուրբ Գիորգին դեմ գնաց կայսրին: Դրանից հետո հեթանոս կայսրը պահանջեց նրանից մերժել Քրիստոսին: Սուրբ Գիորգիին գլխատեցին 303 թվականին:

Սուրբ Գիորգիի պատվին առաջին եկեղեցին կառուցվել է Վրաստանում 335 թվականին։ 9-րդ դարից սկսած Սուրբ Գիորգիի պատվին եկեղեցիների ու մատուռների կառուցումը զանգվածային է դարձել։ Միջնադարում Սրբի անունով երկրի տարբեր անկյուններում կառուցվել է 365 մատուռ՝ ըստ տարվա օրերի։