Այսօր՝ ապրիլի 24-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մատուցվեց Սուրբ Պատարագ: 107 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 միլիոն հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Այսօր Ջավախքում և աշխարհում մարդասեր հանրությունը հարգում է զոհված հայերի հիշատակը: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Հայոց ցեղասպանության օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։

patarag

Օրվա պատարագիչը Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն էր։

qahana

havatacyal tatikner

poqrik havatacyal

ergchakhmbi aghjik

tatiki aghotqe

poqrik hrashq

Սուրբ Խաչ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին Ախալքալաքի և շրջանի գյուղերի բնակիչներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը, ՎՀՕՄ ներկայացուցիչներ, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի անդամներ և այլք:

zhoghovurd

pashtonyaner

Այնուհետև, հավարտ պատարագի, եկեղեցու բակում կատարվեց սրբոց նահատակաց բարեխոսական կարգ:

Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու էր եկել նաև Ախալքալաքի Վրաց ուղղափառ եկեղեցու քահանա Հայր Ալեքսանդրը։ Նա խոսքով հանդես եկավ՝ մաղթելով ամբողջ աշխարհին խաղաղություն, որ այլևս ոչ մի ազգ չտեսնի այսպիսի ողբերգություն։

hayr Alexandr

107 տարի է անցել Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ կատարած ցեղասպանությունից։ Բազմաթիվ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հայի վերքը դեռ արյունահոսում է:

Հատկանշական է, որ Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացվել էր 2002 և 2015 թվականների ապրիլի 24-ին՝ այդ ժամանակվա խորհրդարանի պատգամավորներ Համլետ Մովսիսյանի և Սամվել Պետրոսյանի կողմից։ Սակայն Վրաստանը դեռ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։

Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկուկես միլիոն հայերի բնաջնջումից հետո ծնվել ու մեծացել է մի քանի սերունդ: Ներկայիս սերունդը չի տեսել Ցեղասպանության տառապանքները, և նրանց պապերն ու տատերը, որոնք պատմում են պատմություններ, նույնպես ականատես չեն եղել դրան, բայց լսել են իրենց հարազատներից: Այնուամենայնիվ, կոտորածի հիշողությունները մնում են, քանի որ Ցեղասպանությունն արմատապես փոխեց հայերի կյանքը և մնաց նրանց գենետիկական հիշողության մեջ:

Ցեղասպանության ընթացքում սփռված հայերը հաստատվել և ապրում են ամբողջ աշխարհում: Ցեղասպանության թեման այն հարցերից մեկն է, որը ընդհանուր ելակետն է համայն հայության համար: Եվ այն երկրի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, որի քաղաքացին և բնակիչը հայն է, նրա համար միշտ մնում է կարևոր հարց:

xachqar

Ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

1908 թ. երիտթուրքերի հեղափոխության արդյունքում վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր սահմանել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն էլ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում:

Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը: