Ցանկացած հայտարարություն, թե Վրաստանը դեռևս Եվրամիության ճանապարհին է, պարզապես չի համապատասխանում իրականությանը,- ասել է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մելինե Առաքելյանը:

«Եվրահանձնաժողովը վերստին նշել է, որ Վրաստանի՝ Եվրամիություն մտնելու գործընթացը փաստացի կասեցված է: Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դա ավելի պարզ ասել: Այնպես որ, ցանկացած հայտարարություն, թե Վրաստանը դեռևս ԵՄ-ի ճանապարհին է, պարզապես չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Նիդերլանդների դեսպանը։

Դեսպանը նաև հիշեցրել է՝ Վրաստանին ոչ ոք չի ստիպում դառնալ Եվրամիության անդամ. անդամակցության համար հայտ ներկայացնելը Վրաստանի որոշումն էր, սակայն անդամակցության հայտ ներկայացնելով՝ երկիրը համաձայնում է կատարել անդամակցության չափանիշները, որոնք ենթակա չեն բանակցությունների։

«ԵՄ անդամակցության ամենակարևոր չափանիշներն են ամուր ժողովրդավարական ինստիտուտները, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը և փոքրամասնությունների պաշտպանությունը»,- հավելել է Առաքելյանը: