Այսօր՝ Նոյեմբերի 19-ին, Թբիլիսիի պետական համալսարանի շրջակա տարածքը բռնի ուժով ցուցարարներից ազատելու ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել 16 խաղաղ ցուցարարի։
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ իրավապահները բերման ենթարկվածներին մեղադրում են վարչական իրավախախտման, ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու (173-րդ հոդված) և մանր խուլիգանություն (հոդված 166) կատարելու մեջ։
Սույն հոդվածներով նախատեսված հանցանքը պատժվում է տուգանքով՝ 500-ից 3000 լարիի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 օր ժամկետով։
Նշենք, որ այսօր առավոտյան ոստիկանական ուժերը բռնի կերպով ցրել են նոյեմբերի 17-ից Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի շրջակայքում բողոքող խաղաղ ցուցարարներին: Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կեղծված համարող հանրահավաքի մասնակիցները պահանջում են վերընտրություններ. նրանք վրաններ էին տեղադրել նշված տարածքում։
Բողոքի ակցիան շարունակվում է։