Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ախալցիխե-Ախալքալաք կենտրոնական ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։ Միմյանց բախվել են երկու բեռնատար, որի հետևանքով երկու վարորդները վնասվածքներ են ստացել։
30-40 տարեկան տուժած վարորդները տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է՝ բազմակի կոտրվածքներով։
«Մեկն ունի թեթև վնասվածքներ, և այժմ դուրս ենք գրում, մյուսի մոտ առկա են տարբեր վնասվածքներ, և նա գտնվում է արհեստական շնչառության տակ։ Ընտանիքի անդամները եկել են, և, ամենայն հավանականությամբ, նրան Թուրքիա կտեղափոխեն», – ասել է Ախալքալաքի հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդր Թորոյանը։
Ինչպես tv9news.ge-ին տեղեկացրել են ՆԳՆ-ից, դեպքի առթիվ սկսվել է քննություն Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որն առաջացրել է միջին ծանրության մարմնական վնասվածք։
Աղբյուրը՝ tv9news.ge