Թելավիի շրջանային դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ տեղի գյուղերից մեկի 26-ամյա բնակչի նկատմամբ, ով կասկածվում է իր 77-ամյա տատիկին բռնաբարելու մեջ։
Տեղական «Կախեթիս խմա» (Կախեթիի ձայն) թերթը հայտնում է, որ երիտասարդին ներկայումս մեղադրանք է առաջադրվել ազատությունից ապօրինի զրկելու և «սեռական բնույթի այլ գործողություններ» կատարելու համար։ Փորձաքննության արդյունքներից հետո երկրորդ մեղադրանքը կարող է վերաորակվել որպես բռնաբարություն։
«Կախեթիս խմա»-ի փոխանցմամբ՝ բռնության ականատես է դարձել տղայի հայրը, համապատասխանաբար՝ տարեց կնոջ որդին, ինչից հետո էլ այս ամենի մասին հայտնի է դարձել ոստիկանությանը։ Կինը պնդում է, որ նախկինում նույնպես բռնության է ենթարկվել։
Հարեւաններն ասում են, որ երիտասարդը հոգեկան խնդիրներ ունի:
Նրա տատիկը հետաքննությանը պատմել է, որ թոռն իրեն տնից դուրս չի թողել՝ կողպելով դռները։
Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ըստ առկա տեղեկությունների՝ երիտասարդը նախկինում դատապարտված է եղել և նրա նկատմամբ կիրառվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում:
Աղբյուրը՝ Newsgeorgia