Կոկիո գյուղի մուտքի մոտ տեղադրվել է երկաթակուռ մեծ խաչ։ Այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղի ունեցավ խաչի օրհնության պաշտոնական արարողությունը։ Այս արարողությունը տեղի ունեցավ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ և մեծ ոգևորությամբ։
Խաչի տեղադրումը նախաձեռնել և ֆինանսավորել է Փահլևանյանների ընտանիքը։ Խաչի բացմանը բազմաթիվ հյուրեր էին եկել՝ ինչպես տեղացիներ, այնպես էլ Ռուսաստանից ու Եվրոպայից: Խաչի օրհնության կարգը կատարեց Արագվայի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը, Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի մասնակցությամբ։
«Տղաս մեծ սրտով է ձեռնարկել այս գործը՝ շատ երկար մտածելով։ Ինչու՞ հենց այսօր։ Այսօր նրա հանգուցյալ մոր՝ իմ կնոջ ծննդյան օրն է։ Ի պատիվ իր մոր, շրջանի, երկրի համար, նա իրագործեց այս գաղափարը։ Նա մտածել է, թե գյուղի համար ինչ անի ու այս միտքն է հղացել»,- մեկնաբանեց բարերար Վարազդատ Փահլեւանյանը։
Նրա խոսքով, աշխատանքն ավարտվել է մոտ մեկ ամսում, օգնել են գյուղի երիտասարդները, աջակցություն է ցուցաբերել նաև Ախալքալաքի քաղաքապետարանը։ Ինչպես նշեց Վարազդատ Փահլեւանյանը, ինքը նախատեսում է շատ ավելի բարեգործական ծրագրեր իրականացնել ոչ միայն Կոկիոյի, այլ ողջ շրջանի համար։
Միջոցառմանը հրավիրված էին նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ՝ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և նրա տեղակալները, ինչպես նաև Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և այլք։ Խաչի օրհնությունից հետո ելույթ ունեցան նաև նրանք:
Գյուղի երիտասարդությունը շատ ուրախ էր խաչի տեղադրման կապակցությամբ։
«Ես, որպես Կոկիոյի երիտասարդներից մեկը, անչափ շնորհակալ եմ Փահլեւանյանների ընտանիքին այս բարեգործության համար, թող այս Խաչը օրհնի մեր համագյուղացիներին և մեր Ջավախքի բնակչությանը: Այսօր շատ եկած հյուրեր կան, և ես ինքս, հենց իմացա, եկա հայրենի գյուղ՝ ներկա գտնվելու այս ուրախալի միջոցառմանը»,- մեկնաբանեց միջոցառման հյուրերից Ռոստոմ Դավթյանը։