Երեք տարի առաջ ակտիվ դեռահասի, սպորտով զբաղվող Մանուկ Աղաբաբյանի կյանքը կտրուկ փոխվեց: Այժմ նա մեծ դժվարությամբ է տեղաշարժվում, իսկ ոտքի կանգնելու համար նրան թանկարժեք բուժում է հարկավոր, որը ընտանիքն ի զորու չէ ապահովել։

15-ամյա Մանուկ Աղաբաբյանը դժվարությամբ՝ փաստաթղթերի տրցակը ձեռքին Jnews-ի գրասենյակ էր եկել: Նա խնդրում է օգնել իրեն գումար հայթայթել արտասահմանում բուժման համար։ 3 տարի առաջ Մանուկը գնացել է Ախալցիխե՝ հասկանալու, թե ինչու է իր վրա ցան առաջանում, այնտեղ ալերգիայի դեմ բուժում է ստացել։ Դրանից հետո նրա ոտքերը թուլացել են, նրա մոտ անընդհատ բարձր ջերմություն է սկսվել, և սկսել են անդադար գլխացավերը, ինչի հետևանքով առաջացել է շլություն: Հայաստանի և Վրաստանի հիվանդանոցներում բազմաթիվ հետազոտություններից և ախտորոշումներից հետո նրա մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզային մենինգոէնցեֆալիտ (Տուբերկուլյոզային մենինգիտը տուբերկուլյոզային միկրոբակտերիաների պատճառով առաջացած գլխուղեղի թաղանթների բորբոքումն է)։ Բժիշկները, որոնց մոտ նա հետազոտվել է, ծնողներին խորհուրդ են տվել Մանուկին տանել արտերկիր՝ Թուրքիա կամ Գերմանիա, որտեղ նրան կօգնեն ոտքի կանգնել (նա դժվարությամբ է շարժվում, առանց հենարանի չի կարող)։

Եթե սկզբում ծնողներին ինչ-որ կերպ հաջողվում էր հաղթահարել հետազոտության ծախսերը, ապա երեխային արտերկիր տանելու համար բավականին մեծ գումար է հարկավոր։ Ուստի նրա ընտանիքը և ինքը՝ Մանուկը, օգնություն են խնդրում ապաքինվելու համար։

Տղային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Մանուկի մոր՝ Սիրանուհի Աղաբաբյանի հաշվեհամարին։

«TBC» բանկի հաշվեհամարը (GE83TB7099145064300090 Սիրանուհի Աղաբաբյան)