Նոյեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 19:00-ին Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում տեղի կունենա բողոքի ակցիա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Ակցիայի կազմակերպիչը ընդդիմադիր կուսակցությունների միավորումն է։

Ընդդիմության առաջնորդները բողոքի ակցիայի մասին հայտարարել էին օրեր առաջ։

Ինչպես հոկտեմբերի 31-ին կայացած ընդդիմադիր միավորումների ներկայացուցիչների համատեղ ասուլիսում ասել է «Ուժեղ Վրաստանի» առաջնորդներից Աննա Դոլիձեն, այսօրվա ակցիայի ժամանակ կհայտարարվի ընդդիմության գործողությունների ծրագիրը։

«Մեր հիմնական նպատակն է պայքարել այս ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելու համար, մենք շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ, ինչպես նախկինում, և, որ ամենակարևորն է, հավաքվելու ենք երկուշաբթի օրը, ժամը 19:00-ին, Ռուսթավելիում և այնտեղ մենք մանրամասն կներկայացնենք գործողությունների ծրագիրը, ինչպես ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, օրենքով, օրինական շրջանակներում, բայց կազմակերպված և արդյունավետ կերպով, մեր բողոքը կշարունակվի»,- նշել է Աննա Դոլիձեն։