Այսօր, նոյեմբերի 30-ին Թբիլիսիի «Բիլթմոր» հյուրանոցում, վերջին օրերի քաղաքական իրադարձությունների առնչությամբ անցկացվում է «Վրացական երազանքի» և խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպես հայտնի է քննարկման գլխավոր թեման ընտրությունների անցկացման «գերմանական մոդելն» է:
«Այսօրվա հանդիպման նպատակն է իշխանության և ընդդիմության երկխոսությունը փաստարկներով»,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն «Բիլթմոր» հյուրանոցում, որտեղ ընթանում է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը:
Նրա խոսքով, չնայած նրան, որ իշխանությունը ընդդիմությանը բազմիցս բնականոն քաղաքական ձևաչափ վերադառնալու կոչ է արել, միևնույն է նրանք շարունակում էին ապակառուցողական գործողությունները:
«Չնայած նրան, որ ընդդիմությանը բազմիցս կոչ արեցինք վերադառնալ քաղաքական գործընթաց, ընդդիմության մի մասը մինչ օրս շարունակում էր ապակառուցողական գործողությունը: Մենք մտածում ենք նաև այն հարցի շուրջ, որ ընդդիմությանը տանք ժամանակ»,- հայտարարել է խորհրդարանի նախագահը:
Նրա խոսքով, իշխանությունը պատրաստ է լսել ընդդիմության ցանկացած առաջարկ և փաստարկ՝ ընտրական մոդելների առնչությամբ:
«Ցանկացած դեպքում, պետք է պատրաստվել 2020 թվականի ընտրություններին և սա պետության պարտականությունն է»,- նշել է խորհրդարանի նախագահը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում և Վրատսանի մի քանի այլ քաղաքներում ցույցերը սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը տապալեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այդ նախագիծը սկզբունքային կարևորություն ուներ. 2019թ. հուլիսի ցույցերը դադարեցին գլխավորապես հենց այն պատճառով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընդառաջել էր ընդդիմության պահանջներին և անձամբ խոստացել էր հրաժարվել մեծամասնական ընտրակարգից ու ընդունել համամասնական (կուսակացական) ընտրական համակարգ՝ զրոյական անցողիկ շեմով:
Ընտրական բարեփոխումների ընդունման համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 113-ի ձայնը: Սակայն նոյեմբերի 14-ին տեղի ունեցած քվեարկության ընթացքում փոփոխությանը կողմ քվեարկեց միայն 101 պատգամավոր:
Նույն օրը ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները հայտարարեցին անժամկետ ցույցեր, Ռուսթավելի պողոտայում վրանային ճամբար դրեցին և հրաժարվեցին գնալ, մինչև իրենց պահանջները չկատարվեն:
Նոյեմբերի 18-ին ակցիան ցրելուց հետո իշխանության ընդդիմախոսներն անցան «պարտիզանական» մարտավարության. նրանք պետական հասատատությունների շենքերի դարպասներին կախում էին կողպեքներ, սուլոցներով էին դիմավորում աշխատանքի գնացող նախարարներին և պատգամավորներին:
Ցուցարարներիի հիմնական պահանջները մնում են ուժի մեջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով:
Որպես փոխզիջումային տարբերակ՝ նրանք իշխանություններին առաջարկում են այսպես կոչված «գերմանական մոդելը», որը նախատեսում է պահպանել խառը համակարգը, բայց խորհրդարանում կուսկացությունների ներկայություն՝ համաձայն իրենց ստացած ձայների:
Սակայն իշխնաությունները մերժել են այդ առաջարկը: Նոյեմբերի 25-ին խորհրդարանմական մեծամասնությունը կրկին հավաքվել էր «Վրացական երազանքի» գրասենյակում: Հանդիպումից հետո կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարեց, որ «թեման փակված է», և որ 2020թ. ընտրությունները կանցնեն գործող խառը ընտրակարգով: