Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, սակայն նախընտրական պաստառներն ամենուր են՝ թե Ախալքալքում, թե գյուղերում։ Այդ պաստառները պետք է մաքրվեն ընտրություններից ոչ ուշ, քան 41-րդ օրը, այսինքն՝ մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ։
Ախալքալաքում նախընտրական պաստառներ կարելի էր փակցնել հետևյալ վայրերում.
• Ազատության փողոցի հինգ հարկանի շենքի պատին
• «Սուրբ Խաչ» եկեղեցուն կից տեղադրված ստենդին
• Ազատության փողոցի թիվ 70 բազմահարկ շենքի ճակատային մասում
• Կենտրոնական զբոսայգու ցանկապատի վրա
• Նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակելի շենքերի պատերին
• 14-րդ ավանի երկհարկանի բնակելի շենքերի պատերին
• Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհի Շոթա Ռուսթավելի պուրակի պատին
• Խոսպիո գյուղի երկաթուղային կամրջի հենարանների վրա
Սակայն եղել են դեպքեր, երբ առանց սեփականտիրոջ թույլտվության պաստառներ են փակցրել։
«Գլխավոր փողոցը սիրունացրին, վերանորոգեցին, իսկ հիմա ավիրեցին։ Առանց մեզ հարցնելու փակցրել են մեր պատին։ Այնպես են սոսինձը քսում, որ պոկելուց պատռվում ու էլ ավելի է փչացնում պատի այդ հատվածը։ Հնարավոր չէր նորոգած վայրերը սիրուն թողներին, կամ հարցնեին, միգուցե ես չէի ուզում, որ իմ տան պատին ինչ-որ կուսակցության պաստառ լինի», – ասում է քաղաքի բնակիչներից մեկը։
Բնակիչներից շատրեն են նշում, որ պաստառները շատ դժվար են պոկվում, փակցնելուց սոսինձը շատ են քսում, լղոզվում է պատին և հանելուց պաստառը կիսատ պոկվում է, նորմալ չի մաքրվում։
Վրաստանի ընտրական օրենսգիրքի, 46-րդ հոդվածի 1-րդ կետի համաձայն՝ քարոզչական նյութերը կարող են ցուցադրվել շենքերի և այլ օբյեկտների վրա՝ դրանց սեփականատերերի համաձայնությամբ:
Վրաստանի ընտրական օրենսգիրքի, 46-րդ հոդվածի 8-րդ կետի (qարոզչական նյութ) համաձայն՝
8. Համապատասխան ընտրական սուբյեկտը պարտավոր է ընտրությունների վերջնական արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել քարոզչական նյութերի հեռացումը։ Հակառակ դեպքում կենթարկվեն Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության։
Ընտրություններից ոչ ուշ, քան 41-րդ օրը, այսինքն՝ վերջնաժամկետը դեկտեմբերի 6-ն է։
Հարկ է նշել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում նախընտրական պաստառներն ընտրությունների ավարտից հետո երկար ժամանակ չի հեռացվում։ 2018 և 2020 թվականների ընտրությունների ժամանակ քաղաքը նախընտրական պաստառներից մաքրեցին Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները։