Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պարզաբանել է, թե ինչ կլինի, եթե նախագահը չնշանակի 11-րդ խորհրդարանի առաջին նիստը։
Նրա խոսքով, երկրի սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը պետք է անցկացվի ընտրությունների արդյունքների ամփոփման օրվանից 10 օրվա ընթացքում, սակայն, եթե Վրաստանի նախագահը չգումարի առաջին նիստը, ապա երկրի խորհրդարանն ինքնուրույն կհավաքվի մինչև նշված ժամկետը լրանալու օրը՝ 10-րդ օրը։
«Իրավական տեսանկյունից առաջին ժողովի անցկացման համար սահմանվել է 10-օրյա ժամկետ։ 10-րդ օրը խորհրդարանը կհավաքվի ինքնուրույն, և կկայանա նիստ։ Այստեղ նախագահը սաբոտաժի համար որևէ ռեսուրս չունի, նույնիսկ եթե կոպտորեն խախտի սահմանադրությունը։ Նախագահն ունի միայն ֆորմալ իրավասություն: Այստեղ էլ նա կարող է հերթական անգամ կոպտորեն խախտել սահմանադրությունը, սակայն չի կարողանա արգելափակել նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Առաջին նիստի գումարումը կապահովեն խորհրդարանի նախագահն ու բյուրոն»,- հայտարարել է Կոբախիձեն։