Ռուսական Wildberries մարկետփլեյսը սկսել է վաճառքները Վրաստանում, որը կիրականացվի տեղական գործընկեր ընկերության ֆրանչայզինգի միջոցով։ Այս մասին գրում է bpn.ge-ն

Իր առաջին վաճառքների մասին տեղեկատվությունը տարածել է Wildberries & Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերության տվյալներով՝ վրացի գնորդներին հասանելի կլինի ապրանքների լայն տեսականի, այդ թվում՝ հագուստի, գեղեցկության և առողջության, կենցաղային տեխնիկայի, շինանյութի, այգեգործական գույքի և այլ կատեգորիաների ավելի քան 8 միլիոն ապրանք:

Առաջին փուլում առաքումը կիրականացվի դեպի Թբիլիսի՝ պատվերների առաքման կետ։ Առաքման ժամկետը կկազմի մոտավորապես 7 օր։ Ընկերությունը դիտարկում է նաև առաքիչի ծառայությունների գործարկման հնարավորությունը։

Wildberries-ի վրացական ֆրանչայզինգը նախատեսում է ընդլայնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը տարածաշրջանում:

Հարկ է նշել, որ վրացալեզու Wildberries կայքն արդեն ակտիվորեն աշխատում է։ Դատելով ընկերության կայքի տեղեկություններից՝ վրացական ֆրանչայզինգը պատկանում է «Transcom Group» ՍՊԸ-ին։ Ձեռնարկատերերի ռեեստրի տվյալների համաձայն՝ վերջինս Վրաստանում գրանցվել է 2022թ.-ին: Վերջին քաղվածքի համաձայն՝ «Transcom Group» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Դիանա Զվամբաիային։

Տեղեկության համար՝ Wildberries & Russ-ը միավորվել են՝ ստեղծելու Wildberries թվային առևտրային հարթակը: Ներկայումս ընկերությունը գործում է Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում և Չինաստանում։

Wildberries-ի հիմնադիր և կառավարիչ Տատյանա Բակալչուկը ներառվել է 2022 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի կողմից կազմված պատժամիջոցների ենթարկված 256 ռուս գործարարների և նրանց ընտանիքի անդամների ցուցակում։ Նաև 2022 թվականի ապրիլին Լեհաստանը հրապարակել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների ցուցակը, որում ներառված էին 50 կազմակերպություններ, այդ թվում՝ 35 ընկերություններ և 15 ֆիզիկական անձինք։ Այս ցանկում ներառված են ինչպես Wildberries-ը, այնպես էլ Տատյանա Բակալչուկը: Լեհաստանի պատժամիջոցները ենթադրում են այս ընկերության ֆինանսական ակտիվների և ունեցվածքի սառեցում, ինչպես նաև բացառում են նրա մասնակցությունը մրցույթներին, իսկ Բակալչուկի մուտքը Լեհաստան արգելվել է։

Տատյանա Բակալչուկը «զուգահեռ ներմուծման» նախաձեռնողներից է, իսկ նրա Wildberries-ն այս ոլորտում առաջատար առցանց ընկերությունն է հանդիսանում։ Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ Բակալչուկը կորցրել է 8,3 միլիարդ դոլար, իսկ նրա կարողությունը նվազել է մինչև 4,7 միլիարդ դոլար: Forbes-ի 2022 թվականի ամենաաղքատ ռուս միլիարդատերերի ցուցակում Բակալչուկը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այնուամենայնիվ, «զուգահեռ ներմուծման» օրինականացումից հետո Wildberries-ի եկամուտը գրեթե կրկնապատկվել է։ Forbes-2024-ի ռուս միլիարդատերերի ցուցակում Բակալչուկը զբաղեցնում է 22-րդ տեղը, իսկ նրա կարողությունը սկզբում գնահատվում էր 7,4 միլիարդ դոլար, սակայն Wildberries-ի և Russ-ի միավորումից հետո այն նվազել է մինչև 4,1 միլիարդ դոլար: Այդուհանդերձ, Բակալչուկը շարունակում է մնալ Ռուսաստանի ամենահարուստ կինը։

Աղբյուրը՝ bpn.ge