Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բակում, առողջապահության նախարարի, շրջանի ու մունիցիպալիտետի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, տեղի ունեցավ շտապօգնության նոր շենքի բացման արարողությունը։ Շենքի շինարարությունն ավարտվել էր 2024 թվականի հունիսի վերջին, սակայն աշխատակիցների տեղափոխումը հին շենքից նորը հետաձգվում էր պաշտոնական բացման սպասելիքով։
Բացմանը ներկա էին Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ՝ Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը, նախարարության և մարզի ներկայացուցիչներ, բժիշկներ, պատգամավորներ և այլք։
Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն կարմիր ժապավենը կտրելուց հետո շրջեց բոլոր սենյակներով։ Միջանցքում շտապօգնության աշխատակիցների հետ զրուցելու ժամանակ նա շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար՝ ասելով, որ տեղյակ է նրանց ցածր աշխատավարձի մասին և խոստացավ օգնել, որ հաջորդ տարի այն բարձրանա։ Շտապօգնության աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին նոր շենքի համար, և խնդրեցին ավելացնել շտապօգնության մեքենաների թիվը՝ ասելով, որ դրանից է կախված շտապօգնության ծառայության որակը։ Նախարարը խոստացավ օգնել այս հարցում ևս։
«Այս շենքը շատ կարևոր է ոչ միայն շրջանի, այլև երկրի համար: Աշխատակիցներն այժմ կաշխատեն հարմարավետ միջավայրում, որպեսզի մատուցվի բարձր որակի ծառայություն: Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնեցին այս հարցում», – ասաց Միխեիլ Սարջվելաձեն:
Սամցխե-Ջավախքի նահանգապետը շնորհավորեց աշխատողներին և բոլորին շտապ օգնության նոր շենքի կապակցությամբ և ասաց.
«Մարզի բոլոր 6 մունիցիպալիտետում կան շտապօգնության շենքեր, որոնք հիմնովին վերանորոգված են, լավ շենքը երաշխավորում է, որ բնակչությունը ստանա արագ, ամբողջական և լավ օգնություն, ինչը շատ կարևոր է մունիցիպալիտետի համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարությանը, քանի որ վերջին 5 տարիների ընթացքում, մարզում, շտապօգնության ծառայության մակարդակը բարձրացել է»,- ասաց Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:
Նշենք, որ շտապօգնության նոր շենքն ունի 3 հանգստի սենյակ՝ բժիշկների, բուժքույրերի և շտապօգնության վարորդների համար։ Կա նաև ընդարձակ խոհանոց-ճաշասենյակ, տնօրենի աշխատասենյակ, որը ունի արխիվը պահելու տարածք։ Շենքն ունի կաթսայատուն, որի մուտքը բակից է, և երկու սանհանգույց։
Ախալքալաքում շտապօգնության նոր շենքի շինարարությունը սկսվել էր նախորդ տարվա օգոստոսի 3-ին։ Այն գտնվում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բակում՝ շտապօգնության հին շենքի դիմաց։ Նոր շենքի կառուցման մրցույթը հայտարարել է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։ Նախնական գումարը կազմել է 459 451 լարի, մրցույթը շահել է Ախալքալաքցի անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանը՝ 420 200 լարիի չափով։ Շտապօգնության շենքն ունի 150ք/մ մակերես, բակի հետ միասին ընդհանուր մակերեսը 233ք/մ-ից մի քիչ ավել է։
Սկզբնական շրջանում Ախալքալաքում շտապօգնության շենքը կառուցելու տեղ չէին կարողանում գտնել, ինչի պատճառով նոր շենքի կառուցումը ձգձգվում էր։ Տեղը որոշելու և այն շինարարության նպատակով նախապատրաստելու համար պահանջվեց 4 տարի։ Հարկ է նշել, որ նոր շտապ օգնության կենտրոնի շինարարությունը ֆինանսավորվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։