Այսօր՝ ապրիլի 26-ին, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «Կայուն էթնիկ փոքրամասնություններն ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային մարտահրավերների» ծրագրի երկրորդ փուլի բացումը, որի շրջանակներում Ախալքալաքում կանցկացվեն մի շարք դասընթացներ։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) կողմից՝ Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ։

posolpolsha

Դասընթացների բացման համար հատուկ Ախալքալաք են ժամանել Վրաստանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչները՝ Արտակարգ և Լիազոր դեսպան Մարիուշ Մաշկևիչի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, GSAC խորհրդի անդամ, քաղաքական փորձագետ Վալերի Ճեճելաշվիլին, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի Սամցխե-Ջավախեթիի գրասենյակի տարածաշրջանային ներկայացուցիչ Թեոնա Զուրաբավշիլին և շատ ուրիշներ։

«Սա նախագիծ է, որը կապված է վրացական կազմակերպությունների մեր փորձագետների միջոցով տեղեկատվական դաշտում տեղեկատվական և հիբրիդային պատերազմի մասին մեր գիտելիքների տարածման հետ։ Կարծում եմ, որ շատ օգտակար է, որ մենք գնում ենք տարբեր մարզեր, հատկապես մարզեր, որտեղ շատ տարբեր ազգություններ կան։ Այս մարզերը, ավելի քան մյուսները, կարող են դառնալ ոչ բարեկամական կողմերի հիբրիդային պատերազմների թիրախը։ Դրա համար, մենք ցանկանում ենք մարդկանց սովորեցնել տարանջատել ճիշտ և սխալ տեղեկատվությունը, որպեսզի դիմակայեն այն փաստին, որ ինչ-որ մեկը ցանկանում է օգտագործել այն խնդիրները, որոնցով մարդիկ ապրում են իրենց մարզերում», – Jnews-ի հետ զրույցում մեկնաբանեց Վրաստանում Լեհաստանի դեսպան Մարիուշ Մաշկևիչը:

Ներկաները հանդես եկան ողջույնի խոսքով, ծրագրի մասնակիցներին ներկայացրին թրեյնինգների թեման և ծրագիրը, որից հետո սկսվեց առաջին թրեյնինգը։ Թրեյնինգի մասնակիցների թվում էին Ախալքալաքի տարբեր դպրոցների աշակերտներ, ինչպես նաև ուսանողներ։

trening

vstrecha2

Ծրագրի նպատակն է՝ տեղեկացնել Ախալքալաքի ազգային փոքրամասնություններին ապատեղեկատվության, հիբրիդային պատերազմի ռիսկերի մասին, նրանց տրամադրել համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ՝ դրանք բացահայտելու և չեզոքացնելու համար, ինչպես նաև տեղեկացնել Ռուսաստանի կողմից օգտագործվող ապատեղեկատվական կազմակերպությունների մասին, որոնք սպառնում են Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը և եվրատլանտյան ինտեգրմանը:

Նախագիծը կներառի քառօրյա թրեյնինգ, որը մասնակիցներին կտրամադրի տեսական գիտելիքներ ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի մասին, իսկ դասախոսություններից հետո նրանք կկարողանան կիրառել այդ գիտելիքները մեկօրյա սիմուլյացիայի միջոցով, որը կլինի ինտերակտիվ բնույթի: Դասընթացները կանցկացվեն ապրիլի 26-ից 30-ը։

Բացի այդ, մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու GSAC-ի փորձագետների հետ կլոր սեղանի բանավեճին ամենատարածված հակաարևմտյան ապատեղեկատվական կազմակերպությունների և դրանց դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ:

Ծրագրի մասնակիցները կստանան տեսական գիտելիքներ և գործնական փորձ հետևյալ ուղղություններով.

● ՆԱՏՕ-ի պատմությունը, առաքելությունը և արժեքները

● ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները

● Ապատեղեկատվության հայտնաբերումը և դրա դեմ պայքարի մեթոդները

● Ապատեղեկատվական քարոզարշավները Վրաստանում

● Հիբրիդային պատերազմը, հիբրիդային պատերազմի դեմ պայքարի մեթոդները Վրաստանում

● Ապատեղեկատվության բացահայտման մեթոդները