Հոկտեմբերի 21-ին Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ հայ ազգագրական պարերի բաց դաս, որին ներկաները ևս հնարավորություն են ունեցել միանալ՝ սովորել պարային շարժումներ և միասնական պար բռնել:
Դասն անցել է հետաքրքիր ձևաչափով, բացօթյա միջավայրը թույլ է տվել մասնակիցներին զգալ հայկական պարերի խրոխտ ոգին։ Մասնակիցներն ու անցորդները, որոնք սիրով միացել են պարի բաց դասին, իրենց ուրախություն են հայտնել Թբիլիսիի սրտում նման եզակի մշակութային փորձառության համար:
Միջոցառումն սկսվել է հյուրերի ներկայացմամբ, կազմակերպիչներից՝ Վիրահայոց թեմի Հայարտուն կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի ազգագրական պարի համույթի գեղ. ղեկավար և պարուսույց Սուրեն Աբրամյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանից ժամանած պարային խմբերին, ովքեր կիսել են իրենց հետ այս կարևոր օրը:
«Այսօր բոլորս համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ, մենք բոլորս՝ ամեն մեկն իր երկրում և իր քաղաքում պետք է ամեն օր մի քայլ անեի հայկական արմատներին մոտենալու համար։ Մենք այսօր հպարտ ենք, որովհետև մենք գիտենք ինչի համար ենք այսօր ծառայում, որպեսզի վաղն ունենանք ավելի հզոր հայրենիք և կարողանանք մեր սերունդներին ոչ միայն հպարտություն պարգևել, այլ նաև մեր գործով նրանց ապագան հիմնավորենք», – իր խոսքում նշեց Սուրեն Աբրամյանը:
Մասնակիցները կատարել են «Իշխանաց պար», «Մշու Խըռ Յարխուշտա», «Ալաշկերտի Յարխուշտա», «Սղերդի Քոչարի»,«Կարնո Քոչարի», «Փափուռի» և այլ ավանդական պարեր: Կազմակերպիչների համար հայկական պարի բաց դասերի նպատակը ոչ միայն հայկական ժառանգության տարածումն է, այլ նաև մշակութային կամուրջներ կառուցելը:
Չնայած ցուրտ եղանակին, պարի բաց դասը գրավել է անցորդներին՝ ստիպել միանալ ու հետաքրքվել հայկական պարերով:
Ավարտին կազմակերպիչները հույս են հայտնել, որ հայկական պարերի բաց դասերը նաև Թբիլիսիում շարունակական բնույթ կկրեն։